Ուրբաթ, 18.08.2017, 01:14
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS
ԲԼՈԳ Блог


Գլխավոր Главная » 2010 » Նոյեմբեր » 9 » akn-leranc: «Մարտակերտ գնալու» տաժանակրությունը

akn-leranc: «Մարտակերտ գնալու» տաժանակրությունը
13:31

20-րդ դարավերջին իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքը. մենք, ի վերջո, ձեռք բերեցինք երկար սպասված անկախությունն ու պետականությունը: Մեզ պարտադրած պատերազմի ընթացքում կարողացանք ազատագրել նաև մեր պատմական տարածքներից մի քանիսը, որոնք ներկայումս կրկին շնչում և ապրում են հայեցի: Ազատագրված այդ տարածքներից է նաև Քարվաճառը, /ժամանակավորապես և թյուրիմացաբար Շահումյանի շրջան անվանված/ որտեղ արդեն ինը տարի ապրում եմ ընտանիքիս հետ միասին: Քարվաճառն այս տարիների ընթացքում մեր աչքերի առջև թեպետև դանդաղ, բայց հաստատապես վերականգնվում է: Որոշ դժվարություններ արդեն մնասնակիորեն հաղթահարված են, բայց շրջանի վերահաստատվող բնակավայրերում դեռևս չլուծված բազում խնդիրներ կան, որոնք բոլորիս պետականակերտ գիտակցության աճին զուգընթաց նույնպես ժամանակի ընթացքում պետք է հաղթահարվեն: Այս հոդվածում ես կանդրադառնամ դժվարությունների տխուր և անընդունելի տեսակից մեկին՝ շրջանի բնակչությանն արհեստածին անհեթեթությամբ պարտադրված բարդությանը՝ սոցիալական հարցերի բերմամբ «Մարտակերտ գնալուն»: 

Պարզենք խնդրի էությունը: Քարվաճառի շրջանը դեռևս սակավաբնակ լինելու պատճառով չունի սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական ենթակառուցվածքը: Դրամատնից նպաստ ստանալու, թոշակի փաստաթղթեր կազմելու և բազում այլ անհրաժեշտությունների համար Մարտակերտի սոցապ համակարգին կցված քարվաճառցին հարկադրված է հաճախ, երբեմն` ողջ ընտանեկան կազմով հասնել Մարտակերտ: Քարվաճառից Ստեփանակերտ հեռավորությունը կազմում է շուրջ 130 կմ, իսկ Քարվաճառից Մարտակերտ` մոտ 90 կմ: Շրջանի կյանքին անծանոթ մարդը կարող է հապճեպորեն եզրակացնել, որ սոցիալական հարցերը լուծելու համար Քարվաճառից Մարտակերտ գնալն ավելի հեշտ և նպատակահարմար է: Սակայն Քարվաճառի շրջանում բնակվող յուրաքանչյուր ոք կարող է միանգամայն հաստատուն կերպով հավաստիացնել, որ նման եզրակացությունն, ընդամենը, խաբկանք է, որովհետև ներկա դրությամբ Քարվաճառից Երևան հասնելը մի քանի անգամ ավելի արագ և էժան է, քան` Մարտակերտ քաղաքը: Խնդիրը պարզից էլ պարզ է՝ Քարվաճառից Մարտակերտ որևէ ուղևորատար երթուղի չի գործում: Իսկ եթե Մարտակերտ գնալու համար ի վիճակի չես բարձր գնով մասնավոր մեքենա վարձել, ապա մեկ օրվա (երկուշաբթի կամ ուրբաթ) ընթացքում պետք է պատրաստ լինես շուրջ 400 կմ ճանապարհ կտրել: Նախ Քարվաճառից գնում ես Ստեփանակերտ, ապա` այնտեղից Մարտակերտ, հետո էլ գերագույն շտապողականությամբ պետք է կարողանաս հետ հասնել Ստեփանակերտ, որովհետև Քարվաճառ-Ստեփանակերտ հանրակառքը (ավտոբուսը) գործում է շաբաթը երկու անգամ և եթե, ասենք, երկուշաբթի օրը գործերդ Մարտակերտում մեկ-երկու ժամվա մեջ չհասցրիր ավարտել, ապա հարկադրված կլինես սպասել ուրբաթ օրվան՝ տուն վերադառնալու համար: Իհարկե, դարձյալ կա կա՛մ տաքսու, կա՛մ էլ Գետավանից 65 կմ մինչև Քարվաճառ ոտքով քայլելու և պատահական մեքենաների բարյացակամությանն ապավինելու հեռանկար: Այս ամենը, թեև անհավանական, բայց միևնույն ժամանակ անհեթեթաբար իշխող իրականությունն է: Երևի, ԼՂՀ Կառավարության տարիներ առաջ որոշում ընդունող կազմը, խիստ վերացական պատկերացում ունենալով սեփական երկրի ենթակառուցվածքների վերաբերյալ, նույնպես առաջնորդվել է քարտեզագրական խաբկանք առաջացնող այն դատողությամբ, թե Մարտակերտ քաղաքի Քարվաճառին տարածական մերձավորությունը բավարար պայման է՝ քարվաճառցիներիս սոցիալական ապահովության հարցերով Մարտակերտին կապելու համար: Դա արվել է առանց հաշվի առնելու, որ Քարվաճառը Մարտակերտի հետ կապող ուղիղ ճանապարհը ոչ միայն զգալի չափով քայքայված է, այլև զուրկ ուղևորատար սպասարկումից՝ Քարվաճառից Մարտակերտ որևէ ուղևորատար երթուղի երբևէ չի գործել: Եթե այս հանգամանքը հաշվի առնվեր, ապա քարվաճառցիներս ստիպված չէինք լինի կենսաթոշակներ և ամեն տեսակ սոցիալական նպաստներ ստանալու համար դիմել Մարտակերտում գտնվող համապատասխան հիմնարկներին: Նորածին երեխաներին հատկացվող միանվագ գումարները և բազմազավակ ընտանիքներում ծնվող երեխաներին հասանելիք նպաստները նույնպես տրվում են միայն Մարտակերտի «Արցախ բանկի» մասնաճյուղում և ոչ այլուր: Մի՞թե այս տարիների ընթացքում մեր պաշտոնյաներին չի հետաքրքրել, թե ինչպե՞ս են մարդիկ կարողանում Քարվաճառից Մարտակերտ հասնել, եթե որևէ ուղևորատար երթուղի այդ ուղղությամբ շրջանից չի գործում: 

Իհարկե, շատ-շատերը գերադասում են 20 հազար դրամով մեքենա վարձել, միայն թե այդչափ երկար և տաժանակիր չճամփորդեն, բայց, հասկանալի է, որ դա այլընտրանք չունենալու պատճառով են անում: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր, ասենք, պետք է, ընդամենը, երեսուն կամ առավելագույնը քառասուն հազար դրամ ստանան: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք կենսաթոշակի կամ որևէ նպաստի համար ստիպված են ժամերով սպասել համապատասխան փասթաթղթերի ձևակերպմանը: Հասկանալի է, որ շատերը քսան հազար դրամ չունենալու պատճառով ստիպված են մեկ օրվա ընթացքում տասներկու ժամ տրանսպորտի մեջ անցկացնել: Լինում են դեպքեր, որ պահանջվող փոքր փաստաթղթի պակասի պատճառով հարկ է լինում նույնիսկ մի քանի անգամ գնալ Մարտակերտ: Փորձեք պատկերացնել, թե նման անհեթեթ վիճակում հայտնված մարդը որքան անիմաստ ժամանակ է վատնում և նյարդեր քայքայում…

Վերաբնակեցման գոտում առկա դժվարություններից շատերն ակնհայտորեն առարկայական են և վերաբնակիչները հասկանում են, որ վաղ թե ուշ կգա դրանք լուծելու ժամանակը, բայց քարվաճառցիներիս համար «Մարտակերտ գնալու» արհեստականորեն ստեղծված տաժանակրությունը չի կարող զայրույթ և տարակուսանք չառաջացնել, քանզի այն արդյունքն է ԼՂՀ կառավարության համապատասխան պաշտոնյաների խիստ անարհեստավարժ գործելաոճի, որի հետևանքով տարիներ շարունակ բազում մարդիկ և ընտանիքներ են տուժում:

Ключевые слова: В блогах

Сообщения по теме:
Դիտումներ Просмотров: 661 | Ավելացրել է Добавил: hay | Ռեյտինգ Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1349

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com