Երեքշաբթի, 21.11.2017, 02:51
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Վերջին զարգացումները Հարավային Կովկասում
14.10.2008

Տարաբնույթ մեկնաբանությունները կանխելու նպատակով հարկ է ի սկզբանե արձանագրել, որ այս հոդվածը նպատակ ունի սոսկ ուրվագծել այն պատկերը, որը ձեւավորել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը «նոր» շրջանում` Հայաստանում 2008-ի ապրիլի 9-ից եւ Հարավային Կովկասում տեղի ունեցող բուռն զարգացումներից հետո, ապագային թողնելով նախընթաց ժամանակահատվածում իրականացված քաղաքականության հետ համեմատական վերլուծությունը;

Առաջին հայացքից ընդամենը վեց ամիս ընդգրկող ժամանակը կարող է շատ կարճ թվալ վերլուծությունների համար, բայց այն առանձնացել է աննախադեպ ակտիվությամբ ու հագեցվածությամբ Հայաստանի արտաքին քաղաքական հետաքրքրությունները ներառող բոլոր հիմնական ուղղություններով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման խնդիր, տարածաշրջանային հակամարտություններ, աշխարհաքաղաքական վերադասավորումներ եւ այլն: Առավել եւս, որ ապրիլին` նոր կառավարության ձեւավորումից հետո, Հայաստանն ունեցավ արտաքին քաղաքական գործունեության երկու նոր հիմնական դերակատարները` հանրապետության նախագահն ու արտաքին գործերի նախարարը, եւ նոր շեշտադրումների սպասելիքները դարձան միանգամայն իրական:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի վերաբերյալ առավել ուշագրավը նախագահ Ս. Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Ցավոք, ելույթի այդ հատվածը ոչ միայն ամենաանհաջողն է, այլեւ խիստ խնդրահարույց են դրանում օգտագործված երեք հիմնական դրույթներն էլ: Ըստ դրանցից առաջինի, «Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ» (այս եւ հետագա մեջբերումները` ըստ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեպտեմբերի 26-ի համարի): Դժվար է ասել, թե ով է պատրաստել ելույթի տեքստը` արտգործնախարարությունը, թե՞ նախագահի աշխատակազմը, սակայն ակնհայտ է, որ իրականությունը շրջված է գլխիվայր: Ոչ թե ինքնորոշման իրավունքն է դառնում էթնիկ զտումների ու ցեղասպանության պատճառ, այլ ինքնորոշման իրավունքի չճանաչումն ու չկիրառումը: Երբ Ինդոնեզիան տեւական ժամանակ չէր ճանաչում Արեւելյան Թիմորի ինքնորոշման իրավունքը եւ հալածանքների էր ենթարկում ինքնորոշման հայտ ներկայացրած ժողովրդին, ՄԱԿ-ը Ինդոնեզիային պարտադրեց ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլեւ չխոչընդոտել դրա կիրառմանը, սպառնալով, որ Ինդոնեզիան կճանաչվի ցեղասպանություն իրականացրած երկիր: Մինչդեռ ինքնորոշման իրավունքը էթնիկ զտումների ու ցեղասպանության պատճառ հայտարարելը միանգամայն համահունչ է ադրբեջանական հանրահայտ տեսակետին:

Հանրապետության նախագահի ելույթում օգտագործված երկրորդ դրույթը, ըստ որի «Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով», ուղղակիորեն հակասում է ոչ միայն հայկական կողմերի շահերին, այլեւ միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման իրավունքի կիրառման նորմերին: Ինքնորոշման իրավունքը անվերապահ եւ համապարտադիր` erga omnes եւ jus cogens կարգավիճակներով օժտված միջազգային իրավունքի նորմ է եւ, ըստ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն երկրների միջեւ բարեկամական կապերի ու համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի, «այդ իրավունքի կիրառման նպատակը կարող է լինել ինքնորոշվող ժողովրդի կողմից ազատորեն ընտրված հետեւյալ երեք դեպքերից մեկը. ա) ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծում, բ)ազատ միացում անկախ պետությանը կամ նրա հետ միավորում, գ) որեւէ այլ քաղաքական կարգավիճակ»: Այսինքն, միջազգային իրավունքի նորմերը սահմանում են, որ միայն ինքնորոշվող ժողովուրդը կարող է որոշել, թե ինքնորոշման դեպքերից որն է ցանկանում ընտրել: Որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն դրան միջամտելու լիազորություն չունի:

Երրորդ դրույթը, որն օգտագործվել է այդ ելույթում` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ, ամենաանհաջողն է. «Արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը»: Հեշտ է նկատել, որ այս մոտեցումը եւս սկզբունքորեն հակասում է միջազգային իրավունքի վերը բերված նորմերին: Ավելին, այն Ադրբեջանի համաձայնությամբ է պայմանավորում ինքնորոշման իրավունքի արդյունավետ իրականացումը եւ այդ տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի անջատման իրավունքի իրականացումը երբեք արդյունավետ չի լինի, քանզի Ադրբեջանը երբեք դրան համաձայնություն չի տա: Ավելի ցանկալի ձեւակերպում Հայաստանի կողմից Ադրբեջանը դժվար թե երազի:

Ի՞նչն է այս կոպիտ սխալների պատճառը: Ելույթի տեքստը պատրաստողների անտեղյակությո՞ւնը միջազգային իրավունքի նորմերին ու այդ շրջանակում Լեռնային Ղարաբաղի անկախության անխոցելի փաստարկներին, միջազգային հանրության առջեւ «հանդուրժողականության» ու «լայնախոհության» անհարկի դրսեւորումների ձգտո՞ւմը, մակերեսային ու անփույթ վերաբերմո՞ւնքը երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին:

Հայ-թուրքական հարաբերություններ

Նման հարցեր են առաջանում նաեւ հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող զարգացումների վերաբերյալ: Թուրքիայի նախագահ Գյուլը Երեւան այցելելուց մի քանի օր անց Բաքվում հայտարարեց, որ նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից տպավորություն է ստացել, որ «հայերը պատրաստ են վերադարձնել Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Հայկական կողմը որեւէ կերպ դրան չարձագանքեց: Մինչդեռ նման կարեւոր խնդիրների առնչությամբ երկկողմ հանդիպումներից հետո կա՛մ կողմերը հանդիպումները մեկնաբանում են շատ մոտ ձեւակերպումներով, կա՛մ, եթե կողմերից մեկը ներկայացրել է մյուսի համար անընդունելի մեկնաբանություն, այն ժխտվում է կամ տրվում է սեփական տեսակետը: Լռությունը տվյալ դեպքում ոչ միայն ընկալվում է որպես համաձայնության նշան, այլեւ նոր հարցեր է առաջացնում. ո՞ր տարածքների մասին է խոսքը, ինչի՞ դիմաց, ե՞րբ եւ այլն: Եթե կարգավորման բանակցությունների պարագայում խորհրդապահությունը հասկանալի եւ ընդունված սկզբունք է, ապա երկկողմ հանդիպումներից հետո կողմերից մեկի մեկնաբանություններն անպայման պետք է ունենան համարժեք արձագանքներ: Հավանաբար հենց լռության պատասխանն էր Գյուլի ավելի ուշ արած հայտարարությունը, որ Թուրքիան կարող է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ միայն այն բանից հետո, երբ վերջինս կազատի Ադրբեջանի տարածքները:

Անշուշտ, Հայաստանը պետք է նախաձեռնող քաղաքականություն իրականացնի եւ այդ համատեքստում Գյուլին Հայաստան հրավիրելը կարող է դիտվել հաջող քայլ: Սակայն թեեւ այդ քայլը որակվեց որպես «ֆուտբոլային դիվանագիտություն», այն չպետք է սկսվեր ու վերջանար ֆուտբոլային հանդիպումով: Մինչդեռ Գյուլի այցին հետեւած զարգացումները վկայում են, որ ոչ միայն նախապատրաստական հանդիպումներ չեն եղել (խոսքը ոչ թե այցի իրականացման տեխնիկական խնդիրների լուծմանը վերաբերող հանդիպումների մասին է, այլ երկու նախագահների քննարկելիք հարցերի ու հնարավոր համաձայնությունների), այլեւ դրանք չեն էլ լինելու, քանզի թուրքական կողմի նախապայմանները մնում են անփոփոխ: Ավելին, հայկական կողմը եւս մեկ ռեւերանս արեց` հայտարարելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ու սահմանների բացումից հետո կարելի է նաեւ հանձնաժողով ստեղծել Ցեղասպանության խնդիրները քննարկելու համար: Ցավալի է, սակայն պետք է արձանագրել, որ Հայաստանը կուլ է տալիս խայծը:

Հանձնաժողովի ստեղծումը ինքնին անիմաստ է, քանզի գիտական շրջանակներում տարաբնույթ հարցեր քննարկելու համար կան հանդեսներ, հրավիրվում են սեմինարներ, խորհրդաժողովներ եւ այլն: Գիտական քննարկումները միջպետական կառույցների ստեղծման անհրաժեշտություն չունեն: Միաժամանակ, ակնհայտ է, որ եթե անգամ նման հանձնաժողով ստեղծվի, ապա լինելու է անպտուղ. երկու պետություններն այնտեղ ներգրավելու են իրենց տեսակետները ներկայացնող գիտնականների, որոնք իրենց (իրենց պետությունների) դիրքորոշումները պահպանելու են մինչեւ վերջ: Նման հանձնաժողովը կարող է ունենալ միայն մեկ իմաստ ու նպատակ. դրա գոյության ողջ ընթացքում Թուրքիան ստանալու է Ցեղասպանության հետագա ճանաչումը կասեցնելու զորեղ մի գործոն` այլ պետություններին ներկայացնելու համար. եթե Հայաստանն է պատրաստ քննարկելու այդ «դեպքերին» վերաբերող խնդիրները, ո՞ր տրամաբանությամբ եք դուք պատրաստվում ճանաչել Ցեղասպանությունը:

Հայաստանի համար անպտուղ նախաձեռնությունների մեջ ներգրավման օրինակ է եւ Նյու Յորքում տեղի ունեցած արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Երեք պետությունների ներկայացուցիչներ սովորաբար հանդիպում են, երբ նրանցից մեկը միջնորդ է դառնում մյուս երկուսի խիստ լարված հարաբերությունների պարագայում, կամ եթե կան երեքին հավասարապես վերաբերող բարդ խնդիրներ: Դժվար թե որեւէ մեկը լրջորեն վերաբերվի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդությանը, ոչ միայն վաղօրոք հայտարարված եւ մինչ օրս պահպանվող իր նախապայմանների առկայության, այլ նաեւ Ադրբեջանից ոչ պակաս շահագրգռության պատճառով Ղարաբաղյան խնդրի լուծմամբ, ինչի առկայությունը, ըստ Ադրբեջանի պաշտոնական տեսակետի, բացառում է որեւէ այլ բնույթի խնդրի քննարկում Հայաստանի հետ: Ո՞րն էր այդ քննարկումների առարկան, ո՞ր սկզբունքների շրջանակում, ո՞րն էր Հայաստանի դիրքորոշումը քննարկվող խնդիրների լուծումների վերաբերյալ: Եթե քննարկվել է Ղարաբաղյան խնդիրն, ապա որտե՞ղ էր ամենաշահագրգիռ կողմի` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը: Ընդհանուր, հերթապահ բացատրությունները այս հարցերից որեւէ մեկի պատասխանը չեն տալիս: Նման հանդիպումները ոչ միայն անպտուղ են Հայաստանի համար, այլեւ արժեզրկում են Հայաստանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման մասին: Այդ իրավունքին առնչվող դիրքորոշման ներկայացման բացառիկ իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին: Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես ցանկանում են բարձրացնել Ազգային ժողովի դերակատարությունը, ապա առնվազն պետք է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում հաշվի առնեն Ազգային ժողովի ապրիլի 29-ի հայտարարության մեջ շարադրված առաջարկները, այդ թվում եւ այդ գործընթացին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության ապահովումը որպես միջազգայնորեն ճանաչված կողմի: Քանի դեռ Հայաստանում չի գիտակցվել այս ակնհայտ ճշմարտությունը եւ գործնական քայլեր չեն արվել Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու ուղղությամբ, տարբեր տրամաչափի բրայզաներ շարունակելու են ամեն օր բարբաջել, որ խնդիրը կարգավորվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն էլ «լայնախոհությամբ» լռելու են: Թուրքիան էլ շարունակելու է տարածաշրջանային լիդերի կամ գոնե կարեւոր «խաղացողի» իր կերպարը ձեւավորող խճապատկերի բաղադրիչները հավաքել: Այդ մոտեցման շրջանակում են միայն իմաստ ստանում թե՛ Գյուլի այցը, թե՛ արտգործնախարարների եռակողմ հանդիպումը եւ թե՛ «Կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման թուրքական նախաձեռնությունը, որի վերնագրից բացի ոչինչ չկա եւ չի լինելու, քանզի հարեւանի դեմ սահմանները փակ պահող, նորմալ հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ թելադրող երկիրը նման նախաձեռնությամբ հանդես գալու անկեղծությունը հաստատելու նպատակով գոնե կհրաժարվեր նախապայմաններից: Բայց դա կլիներ միայն այն դեպքում, եթե Թուրքիան տեսներ, որ իր ջանքերը կարող են ի դերեւ ելնել Հայաստանի լուրջ եւ հիմնավոր փաստարկումների արդյունքում: Կոչերը` բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ ապագա սերունդներին ծանր ժառանգություն չթողնելու վերաբերյալ, չեն կարող փափկացնել Թուրքիայի «սիրտը»: Ճիշտ հակառակը: Թուրքիան իրեն զգում է ինչպես ձուկը ջրում հատկապես տարածաշրջանում ազդեցության գոտիների սահմանագծերի վերանայման ժամանակ: 20-րդ դարասկզբին, երբ գրեթե նույն դերակատարներով նույն գործընթացներն էին տեղի ունենում Հարավային Կովկասում, պատերազմում Անտանտայից ջախջախված Թուրքիան կարողացավ իր կարեւոր դերակատարության կեղծ «վավերագրեր» ներկայացնել Ռուսաստանին ու ապահովել իր համար առավել բարենպաստ լուծումներ: Այսօր էլ, երբ Հարավային Կովկասում միմյանց հրմշտում են այստեղ տեղավորվել ցանկացող Միացյալ Նահանգներն ու իր արժանապատվությունը վերագտնել ձգտող Ռուսաստանը, Թուրքիան ակտիվորեն հյուսում է տարածաշրջանում իր կարեւոր դերակատարությունը հաստատող պատկերը: Դրա վառ վկայությունն է Թուրքիայի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Սակայն ի՞նչ է շահում Հայաստանը` մասնակցելով այդ ամենին: Ոչինչ` բացառությամբ կարճատեւ PR-ակցիայից եւ մի քանի օտարերկրյա միջին պաշտոնյաների «քաջալերիչ» հայտարարություններից: Ժամանակն է հասկանալու, որ որեւէ այց, հանդիպում ու բանակցություն իմաստ ու նպատակ է ստանում այն ժամանակ, երբ նախապես մշակվում է դրանց ժամանակ քննարկվող խնդիրների շրջանակը, նախապատրաստական խմբերը փոխհամաձայնեցնում են դրանցից մի քանիսի եթե ոչ վերջնական լուծումներն, ապա գոնե դրան տանող քայլերը եւ այդ ամենը ներկայացվում է հասարակությանը:

Աշխարհաքաղաքական վերադասավորումներ եւ հայ-վրացական հարաբերություններ

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը ոչ միայն դարձավ Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ազդեցության գոտիների բաժանման համար տեւականորեն մղվող դիրքային պայքարի քողազերծման առիթ (բավական է միայն ծանոթանալ այդ եւ հաջորդող օրերին ռուս եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին), այլեւ աշխարհաքաղաքական լուրջ խնդիր, քանզի այդ բաժանումից զատ առնչվում էր համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դերակատարության վերանայմանը, հակամարտությունների կարգավորմանը եւ այլն: Թեեւ անցած ժամանակահատվածում ներկայացվել են նախագահ Սաակաշվիլու կողմից պատերազմ նախաձեռնելու դրդապատճառների տարատեսակ վարկածներ ու մեկնաբանություններ, սակայն առավել հավանական է թվում, որ այդ նախաձեռնության հիմքում եղել է հետեւյալ պարզեցված սխեման. Համաշխարհային օլիմպիական խաղերի բացման նախօրյակին Վրաստանը սկսում է պատերազմ, որը կարող էր ունենալ երկու հնարավոր ելք. կա՛մ խաղերի գործոնը դառնում է վճռորոշ եւ միջազգային հանրության ուժեղ ճնշման ներքո դադարեցվում է պատերազմն ու Վրաստանն ունենում է խորհրդանշական ձեռքբերում (Սաակաշվիլին մասնակիորեն կատարում է հողահավաքի իր խոստումը), կա՛մ այն, ինչ տեղի ունեցավ. Վրաստանը «ազատվեց» Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, որոնք խանգարում էին, մասնավորապես, ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ստացավ մեծածավալ ներդրումների իրական հեռանկար, Ռուսաստանը ձեռք բերեց այդ երկու տարածքները եւ համաշխարհային գործընթացներում նոր դերակատարության հայտ ներկայացրեց, Միացյալ Նահանգները Վրաստանն ամբողջությամբ «պոկեց» Ռուսաստանից եւ ստացավ Հարավային Կովկասում լիարժեքորեն հաստատվելու իրական տարածք: Իհարկե, դեռ անհրաժեշտ է, որ Վրաստանի ժողովուրդը «հասկանա», որ սա իր համար լավագույն հեռանկարն ունեցող տարբերակն էր, որ տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման եւ գերտերությունների կողմից ազգերի ինքնորոշման սկզբունքի փաստացի կիրառման հետ կապված անհարթությունները վերացվեն, սակայն այդ հարցերի լուծումը սոսկ ժամանակի հետ կապված տեխնիկական խնդիր է: Ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց Հայաստանը: Մինչ այժմ տարբեր վերլուծաբաններ մատնանշել են միայն մեկ ձեռքբերում. Ադրբեջանը կարծես թե հասկացավ, որ հակամարտությունները ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել, թեեւ մարդկության պատմությունը վկայում է, որ պատերազմներից արված հետեւությունները միայն սահմանափակ կյանք ունեն, միաժամանակ, Վրաստանին առնչվող հակամարտություններն, այնուամենայնիվ, ռազմական լուծում ստացան` հօգուտ ավելի ուժեղ Ռուսաստանի: Հայաստանի կորուստները. խաթարված ու դեռեւս մինչեւ վերջ չվերականգնված տրանսպորտային հաղորդակցություն, 670 միլիոն դոլարի կորուստներ (ըստ Հայաստանի կառավարության գնահատման), հանուն տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության խաչակրաց արշավանք Արեւմուտքի կողմից, ինչը տեւական բարդություններ է ստեղծելու Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Իհարկե, պետք է հաշվի առնել օբյեկտիվ դժվարությունները` աշխարհագրական անբարենպաստ դիրք, ռուս-վրացական դիմակայության զույգի ամենաանբարենպաստ համադրումը եւ այլն: Այդուհանդերձ, այդ գործոնները Հայաստանը չի կարող փոխել եւ պետք է լուծումներ գտնել դրանց առկայության պարագայում: Որպես այդպիսին ընտրվեց պասսիվ չեզոքությունը` լռությունը, ի տարբերություն մյուս հարեւանի` Թուրքիայի, որն ընտրեց ակտիվ չեզոքությունը: Իրադարձությունների հետագա զարգացումը դարձավ եւս մեկ վկայություն, որ պասսիվությունը լավագույն դեպքում կարող է նվազեցնել կորուստները, սակայն չի կարող ձեռքբերումներ ապահովել, առավել եւս այնպիսի նուրբ հարաբերություններում, ինչպիսին հայ-վրացականն է, որտեղ արտաքին ձեւն ու խորքային բովանդակությունը կտրուկ տարբերվում են: Հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին վաղուց մաշված արտահայտություններն արդեն ժպիտ էլ չեն առաջացնում: Հարեւան պետությունների միջեւ հարաբերությունները չեն կարող կառուցվել նման պարզունակ բանաձեւերի վրա: Մի՞թե ժամանակը չէ տեսնելու, որ Վրաստանը որեւէ այլընտրանքի դեպքում նախընտրում է գործ ունենալ ոչ Հայաստանի հետ: Ձեւակերպվե՞լ են արդյոք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ո՞րն է Վրաստանի շահը, որը պետք է վերջինիս մղի Հայաստանի հետ ակտիվ համագործակցության: Ե՞րբ է վերջ տրվելու Ջավախքի հարցում գավառական մտածողությանն ու պարզունակ քաղաքականությանը:

Առանձին խնդիր է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը ռուս-վրացական պատերազմից հետո, որի վերաբերյալ միանգամայն նոր, կարեւոր շեշտադրումներ է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետայում» հոկտեմբերի 7-ին հրապարակված հարցազրույցում: Ընդ որում, նկատելի է զգալի փոփոխություն նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումներում:

Երկրորդ ամիսն է, ինչ Ռուսաստանը խիստ զգուշավոր վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ: Նախ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց անմիջապես հետո պարոն Լավրովը շտապեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ դեպք է, քանի որ առաջին երկուսի առնչությամբ տեղի է ունեցել պատերազմ, էթնիկ զտումներ, ցեղասպանության փորձ: «Ռոսիյսկայա գազետայում» տպագրված հարցազրույցում, բավական մանրամասնորեն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, գրեթե ոչինչ չի ասում Ադրբեջանի մասին: Իհարկե, Վրաստանը «կորցնելուց» հետո հասկանալի է Ռուսաստանի խիստ զգայնությունը Ադրբեջանի նկատմամբ, քանզի վերջինիս կորստով ոչ միայն լիովին կվերանա ադրբեջանական էներգակիրների փոխադրման վրա Մոսկվայի ազդեցությունը, այլեւ Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել Կովկասից հարավ իր ազդեցության ընդլայնման գաղափարից: Ռուսաստանի համար այս պահին առանձնապես նշանակություն չունի անգամ այն հանգամանքը, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, Ադրբեջանը` ոչ: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին խոսելիս Ս. Լավրովը մի քանի անգամ շեշտում է. «Հայաստանի ահռելի դժվարությունները արտաքին աշխարհի հետ շփումների հարցում»: Ընդգծելով, որ այդ իրավիճակից «աշխարհագրական եւ քաղաքական ելքերն իրականում շատ չեն: Հենց որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնա փաստ, Թուրքիան պատրաստ է Հայաստանին օգնելու արտաքին աշխարհի հետ նորմալ կապեր հաստատելու հարցում»: Ռուսաստանի արտգործնախարարը սրա կողքին նաեւ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար մնացել է լուծել երկու-երեք հարց, նախ` Լաչինի միջանցքին առնչվող: Փորձառու դիվանագետի պարագայում ակնարկն ավելի քան թափանցիկ է. այդ երկու-երեք հարցը լուծեք ձեր հարեւանների համար ընդունելի ձեւով ու կստանաք թուրքական «կյանքի ճանապարհը»: Բայց ինչո՞ւ է Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանին հրում դեպի Թուրքիան: Միգուցե իսկապե՞ս Լավրովը հավատում է «Անկարայի ավանդական գծին, որի համաձայն պետք է ապահովել տարածաշրջանի երկրների իրավունքը` Կովկասի եւ հարակից շրջանների խնդիրների լուծումներն ինքնուրույնաբար որոնելու վերաբերյալ» կամ թուրքական «Կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ապագային: Վստահաբար` ոչ: Ռուսաստանը չի կարող չտեսնել, որ դա նույնպիսի «բլեֆ» է, ինչպիսին էր անցած դարասկզբին կոմունիստական գաղափարախոսությունը Թուրքիայի միջոցով Արեւելքում տարածելու ծրագիրը: Բուն նպատակը շատ պարզ է. Թուրքիան խնդիրներ ունի Հայաստանի հետ, որի վրա մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը, վերջինս ակնկալիքներ ունի Ադրբեջանից, որի վրա մեծ է Թուրքիայի ազդեցությունը: Թուրքիայի խնդիրների լուծումը չի հակասում Ռուսաստանի շահերին, Ռուսաստանի խնդիրների լուծումը` Թուրքիայի շահերին: Հետեւաբար, Ռուսաստանն ու Թուրքիան ունեն իրական, միմյանց շահերից բխող համաձայնության հնարավորություն, որն էլ փորձում են իրականացնել: Հայաստանի համար դրա գինը լինելու է ոչ այնքան Ցեղասպանության խնդիրը, որքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սխեման, որի յուրաքանչյուր տարր ու մանրամասն ստանում է բացառիկ, աննախադեպ նշանակություն: Հայաստանը սխալվելու իրավունք չունի: Նոր յոթանասունամյա դաժան փորձությանը Արցախը կարող է չդիմանալ: Իսկ այդ դեպքում Հայաստանի հարցերը կլուծվեն առանց լուրջ դժվարության:

Տարածաշրջանում Միացյալ Նահանգների անշրջելի հաստատումով, Եվրոմիության աննախադեպ ակտիվացումով եւ ռուս-թուրքական հերթական մերձեցումով Հարավային Կովկասում իրավիճակը ստանում է նոր որակ եւ կտրուկ փոխվում են հետագա զարգացումների հեռանկարները: Այդ պարագայում Հայաստանից պահանջվում է նոր որակի արտաքին քաղաքականություն` թե՛ տարածաշրջանային զարգացումներում, թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում` ոչ միայն հաջողություններ արձանագրելու, այլեւ անգամ անհաջողություններից խուսափելու համար: Վերջին վեց ամիսների արդյունքները վկայում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում նկատվող փոփոխությունները կրում են սոսկ քարոզչական, PR բնույթ եւ չեն կարող առաջիկա մարտահրավերներին դիմակայելու հիմք դառնալ: Եթե կարճ ժամանակի համար դա կարող է գրավիչ լինել, ապա տեւական ժամանակահատվածի համար` ծանր կորուստներով հղի: Մինչդեռ այսօր տարածաշրջանում դրվում են երկարաժամկետ զարգացումների հիմքերը:

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ

 


Автор: ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Դիտումներ Просмотров: 1205 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com