Երեքշաբթի, 19.09.2017, 15:48
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

«Մենք նահանջելու տեղ չունենք»
25.04.2010

Մեր «Նիվան» անցնում է դեպի ԼՂՀ  հյուսիսարեւելյան սահմանամերձ գյուղերից  մեկը տանող գրունտային ոլորապտույտ  ճանապարհով, որը ձգվում է բլուրներով եզերված ձորակների միջով: Հեռվում` ձախակողմյան բլրակների հետին պլանում, երեւում են Մռավի լեռների ձյունածածկ գագաթները:

Սարերում դեռ ձմեռ է, իսկ լեռներից իջնող գետերի կիրճերն ու փոքր հովիտներն արդեն ծածկվել են կանաչով: Երկինքը պարզ է, օդը` մաքուր, բայց ոչ պաղ, չնայած գարնան սկիզբն է, իսկ մենք նախալեռներում ենք: Ճանապարհից քիչ հեռու` կանաչի մեջ, արեւկող է արել գյուղացու նախիրը:

Վարորդը ստիպված  է պարբերաբար աջ ու ձախ պտտել ղեկը` փորձելով հնարավորինս անվտանգ հաղթահարել ցեխալճակները, որ գոյացել են հողի տակից  դուրս եկած ջրերից: Ժամը 9-ն անց է: Ահա քիչ հեռվում երեւում է Թարթառ գետի հովիտը, որտեղ եւ գյուղն է` տների կարմիր ու սպիտակ տանիքներով: Գյուղի առանձնատների մեջ անմիջապես աչքի են ընկնում պարսպապատ ու ծառաշատ զորամասի սպիտակ շինությունները: Հնարավոր չէ չնկատել նաեւ դրանցից աջ գտնվող նորակառույց, միահարկ կոկիկ տները: Սրանք նախատեսված են Թարթառի վրա կառուցվող նոր հիդրոհանգույցի մասնագետների համար: Տների երկու շարքերի միջով անցնում է խճապատ նեղ փողոցը, որի մասին, հիշում եմ, տեղի սպաներից մեկը մի անգամ կատակով ասել էր. «Էս էլ մեր Հյուսիսային պողոտան է»:

Զորամասի  մշտական տեղակայման վայրում վերադաս հրամանատարությունից գտանք միայն մայոր Ալիկ Սարգսյանին` հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին: Պարզվեց, որ սպաները, արդեն մի քանի օր է, ինչ հրամանատարաշտաբային զորավարժության են մասնակցում այստեղից քիչ հեռու: Դրա նպատակը Սարգսյանը մեկնաբանեց այսպես. խորացնել հրամանատարական կազմի գիտելիքներն ու ունակությունները, կատարելագործել մարտի պլանավորման ու ղեկավարման նրանց ունակությունները:

Գնդապետ Սուրեն Սուրենյանի գլխավորած զորամասի առաջնահերթ խնդիրը պետական սահմանի  պահպանությունն է. սահմանահատված, որն իր աշխարհագրական դիրքով ու ռելիեֆով բավականին բարդ տեղանք է: Ակամայից հիշեցի ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերը ՊԲ-ում ծառայության անցնող երիտասարդ սպաների հետ հանդիպման ժամանակ: Երբ ռազմական ինստիտուտի շրջանավարտներից մեկին վիճակահանությամբ բաժին էր հասել հենց այս զորամասը, նախարարն ասել էր. «Դու ծառայելու ես Պաշտպանության բանակի ամենադժվար զորամասում»…

«Դիրքերում վիճակն անփոփոխ է` կայուն է ու հանգիստ, անձնակազմի կողմից մարտական հերթապահությունն անցկացվում է նորմալ հունով: Արտակարգ պատահարներ, սակայն, լինում են: Հակառակորդը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ է, ինչի հետեւանքով էլ առաջնային գծում տեղի են ունենում նման դեպքեր: Պիտի նշել, որ հակառակորդի կողմից կրակի ռեժիմի խախտումներ միշտ էլ լինում են»,- ասում է մայոր Ալիկ Սարգսյանը: Բայց վերջին ժամանակներում Ադրբեջանի իշխանությունները շարունակ հայտարարում են պատերազմի վերսկսմամբ ղարաբաղյան խնդիրը լուծելու մասին: «Պատերազմը  չի վերջացել, որ վերսկսվի,- ասում է Սարգսյանը: – Հասարակության մեջ իշխում է այն թյուր կարծիքը, թե պատերազմը վերջացել է, այսքան ժամանակ պատերազմ չկա, բայց կարող է վերսկսվել: Իրականում հայ-ադրբեջանական պատերազմն ընթացքի մեջ է, ուղղակի 1994-ից հրադադար է սահմանված: Սակայն երկկողմանի պայմանավորվածությամբ հրադադարն, իհարկե, չի պահպանվում: Այսօր առաջնային գծի ստորաբաժանումները գտնվում են դիրքային մարտում: Իսկ ռազմական գործողությունների վերսկսում հնարավոր է ցանկացած պահի: Տարածաշրջանում Ադրբեջանին զսպող հիմնական ուժը ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունն է: Երբ Ադրբեջանը համոզվի, որ խնդիրը կարող է լուծել ռազմական ճանապարհով, հաջորդ օրն անպայման նախահարձակ կլինի: Ինձ համար պատերազմը չի վերջացել: Մենք` սպաներս ու զինվորներս, միշտ էլ այնպիսի տրամադրվածություն ունենք, որ քնելուց հետո` գիշերվա ցանկացած պահի, կարող է վեր կենանք ու հակազդենք հակառակորդին: Այստեղից հետեւություն. մենք միշտ էլ պատրաստ ենք պատերազմ վարելու»…

Զորային հրաձգարանում ու դրան հարակից մարտավարական դաշտում  զորամասի ստորաբաժանումներից մի քանիսը կրակային ու մարտավարական պատրաստության պարապմունքներ են անցկացնում: Այստեղ է նաեւ մարտական պատրաստության գծով փոխհրամանատար, փոխգնդապետ Արթուր Աղաբալյանը, որը ցուցումներ է տալիս ենթականերին (տես` առաջին լուսանկարում): «Մեր առաջնահերթ խնդիրն այն է, որ հայ զինվորն ունենա բարձր մարտական պատրաստականություն,- ասում է Աղաբալյանը: – Կարեւորվում է կրակային պատրաստությունը, քանի որ մարտի դաշտում դա է գլխավորը: Դրա հետ մեկտեղ մեծ տեղ է հատկացվում մարտավարական պատրաստությանը: Ուշադրություն ենք դարձնում հիմնական խնդրին` որպեսզի զինվորը պատրաստ լինի մարտին, հարձակման ու պաշտպանության ընթացքում կարողանա բարձր որակով կատարել սահմանված վարժաձեւերը, տեղաշարժերը, ականապատված դաշտի հաղթահարումը: Վարժանքների ժամանակ, մարտավարական դաշտում ու հրաձգարանում զինվորը պիտի պատկերացնի, թե իր դիմաց գտնվում է հակառակորդը: Տրված առաջադրանքը նա պիտի կատարի այս մտածելակերպով»:

Հրաձգարանից ճանապարհը տանում է դեպի այն վայրը, որտեղ հավաքվել է զորամասի հրամկազմը: Հրամանատարաշտաբային զորավարժության ղեկավար, միավորման շտաբի պետ, գնդապետ  Մխիթար Ավշառյանը ընդհանուր առմամբ բավարարված է մասնակից սպաների ցուցաբերած ունակություններով, սակայն նշում է, որ անհրաժեշտ է առավել քրտնաջան աշխատանք` ցուցանիշները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Դեպի  դիրքեր ուղեկցելու նպատակով այստեղից մեզ է միանում ստորաբաժանման  հրամանատար, փոխգնդապետ Սասուն Ղուլյանը: Բարձրահասակ, նիհարավուն, ֆիդայական սրածայր բեղերով 40-ամյա հայ սպան արտաքնապես 50-ն անց մարդու տպավորություն է թողնում: Բայց Ղարաբաղում բոլորն են այդպես: Պատերազմն իր հետքն է թողել մարդկանց դեմքերին: Եվ ոչ միայն դեմքերին…

Ժամը 13-ն է, սակայն երկինքը թխպել է, իսկ Մռավի անտառապատ լեռներից դեպի արեւելք է սահում մառախուղի խիտ շղարշը: Շուտով հասնում ենք ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղության վերջին բնակավայրը, որի մուտքի մոտ կանգնեցված է մի երկու մետրանոց քարե բանալի-արձան: Ասել է թե` այս գյուղը ԼՂՀ դարպասն է: Բայց դրանից քիչ հեռու դեռ կանգուն է մնում մեկ այլ խորհրդանիշ` խորհրդային դարաշրջանի երկաթե մուրճն ու մանգաղը, որ ժամանակին հուշել է այս տարածքի «կարմիր» լինելու մասին: Զուգադիպությո՞ւն, թե՞… Սովետների սիմվոլն ու արդեն անկախ երկրի հյուսիսարեւելյան դարպասի բանալին հարեւաններ են:

Գյուղից ոչ շատ հեռու` սարերի մեջ ծվարած գոգավոր արոտավայրում, որոճում է նախիրը, ճամփից քիչ հեռու կանգնած են նախրապանները: Գրունտային անհարթ, օձագալար ճանապարհը ձգվում է դեպի աջ: Փոխգնդապետ Ղուլյանը հինգ մատի պես գիտի այս տարածքը. ոչ միայն այս կողմերում կռվել է, այլեւ արդեն 7 տարի գլխավորում է այն ստորաբաժանումը, որը հսկում է պետական սահմանի այս հատվածը: 1988-1990 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990-ին զորացրվելով` միանգամից մտել է Շարժման մեջ: Մասնակցել է Մարտակերտի շրջանում մղված մարտերին, Քարվաճառի (Քելբաջար) ազատագրմանը, 1993-ին Քարվաճառից տեղափոխվել է Հայաստան, զբաղեցրել դասակի հրամանատարից մինչեւ գումարտակի հրամանատար պաշտոնները, 2003-ից նորից Ղարաբաղում է ու առ այսօր գլխավորում է սահմանապահ ստորաբաժանումը:

Պատերազմի ժամանակ Ղուլյանը երկու անգամ  կոնտուզիա է ստացել, մեկ անգամ վիրավորվել ոտքից: «Համարյա ամեն տեղ էլ դժվար էր,- իր անցած մարտական ուղու մասին պատմում է փոխգնդապետը,- բայց ամենադժվարը եղել է Քելբաջարում, «Շիլկա» տեխնիկայի մեջ վիրավորվեցի` կոնտուզիա ստացա,  տեղափոխեցին Հայաստան, հետո Մոսկվա, երեք ամիս բուժվեցի այնտեղ ու նորից վերադարձա կռվի դաշտ»: Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով:

Դիրքեր հասանք բավականին  շուտ: «Նիվան» կանգ առավ սահմանապահ վաշտի հրամանատարական կետի առաջ: Բլինդաժից  մեզ դիմավորելու դուրս եկավ միջին  հասակի, ամուր կազմվածքով երիտասարդ մի կապիտան` ինչպես պարզվեց, վաշտի հրամանատար Լեռնիկ Արշակյանը: Հրավիրեց ներս: Ներսում տաք է. դռան կողքին պլպլթում է նավթի վառարանը: Դիրքապահ տղաների հյուրասիրած մի բաժակ սուրճը թարմացրեց ճանապարհի դարուփոսերից հոգնած մեր մարմինները:

«Մեր վաշտի պահպանության ենթակա հատվածում վիճակը նորմալ է, փոխհրաձգություններ հիմնականում չեն լինում,- պատմում  է կապիտան Արշակյանը,- հակառակորդը  մեծ ակտիվություն ցույց չի տալիս, ակտիվության դեպքում էլ հրամանատարի  որոշմամբ թույլ է տրվում դիմել  համապատասխան գործողությունների»:

Երիտասարդ սպան խոսում է բավականին ինքնավստահ, համարձակ: 26 տարեկան է, 2005-ին կարմիր դիպլոմով ավարտել է Վազգեն Սարգսյանի  անվան ռազմական ինստիտուտը: «Մեր հարազատության մեջ զինվորական չկա, ես էլ ընտանիքի միակ տղան եմ, բայց մանկուց երազել եմ զինվորական դառնալ ու դարձել եմ»,- անթաքույց հպարտությամբ, բայցեւ համեստորեն պատմում է Արշակյանը: Ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես ծառայության է նշանակվել ներկայիս զորամասում: Երեք տարի եղել է հրաձգային դասակի հրամանատար, 2008-ից նշանակվել է վաշտի հրամանատար: Արշակյանի ստորաբաժանումը ճանաչվել է զորամասի, միավորման, բանակի լավագույն վաշտ մարտական պատրաստության գծով: Անցյալ տարի որպես լավագույն վաշտի հրամանատար պարգեւատրվել է անվանական զենքով, իսկ ընթացիկ տարվա հունվարի 28-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Արիություն» մեդալի:

Լեռնիկի երկու քույրերն ամուսնացած են, ինքը դեռ ամուրի է, ասում է` ծառայությունը  չի թողնում: Արդեն հինգ տարի է, ինչ  Արշակյանը սահման է պահում: Սահմանային զորամասում ծառայության անցնելու կապակցությամբ  էլ ասում է. «Քանի որ ընտրել եմ զինվորականի մասնագիտությունը, մտածել եմ, որ կարող է ծառայեմ տարբեր տեղերում: Կարող է այսօր այստեղ ծառայեմ, վաղը` մի ուրիշ տեղ. դա բնորոշ է զինվորականին»: Այս ընթացքում չի հիշում որեւէ արտակարգ պատահար իր ստորաբաժանումում. «Փոքր զանցանքներ եղել են. ստորաբաժանում է, առանց դրանց չի կարող լինել, բայց դրանք կանխվել են, ու մեղավորները համապատասխան տույժերի են ենթարկվել»:

«Անձնակազմը ստորաբաժանման ԱՀՏԱԳ տեղակալի, վաշտի, դասակի, ջոկի  հրամանատարների մշտական հսկողության տակ է,- հավելում է գումհրամանատար Սասուն Ղուլյանը,- չենք թողնում, որ անձնական հարաբերություններում խոչընդոտներ լինեն, պահանջում ենք պահպանել անվտանգության կանոնները: Անընդհատ անձնակազմի հետ աշխատանք ենք տանում, բացատրում, թե ինչի համար են դիրք պահում, ծառայում, հասկացնում ենք, որ եթե իրենք հիմա սահման են հսկում, թիկունքում իրենց մայրերն են, քույրերը: Մեր դիրքերի ինժեներական կահավորվածությունն էլ նորմալ վիճակում է, մշտապես թարմացվում է, բարձիթողի վիճակում չենք թողնում: Էս ամենի հետեւանքով էլ արտակարգ պատահարներ առանձնապես չեն լինում»:

Կանգնած ենք սահմանագծին: Հրամանատարը ցույց է տալիս աջ կողմի վրա` ձորի հանդիպակաց լանջին փռված ադրբեջանական Թափկարակոյունլու գյուղը ու պատմում, որ ազերները ծրագրված մեծացնում են այն. բնակավայրի հին տներից աջ երեւում է նորակառույցների սիմետրիկ շարքը: Հայ դիրքապահներն ասում են, որ բնակիչներն այդտեղ ապրելու համար փող են ստանում պետությունից: Փոխգնդապետ Ղուլյանը հիշում է, որ պատերազմի ժամանակ, երբ հայկական ուժերը Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ճնշել էին այստեղի զինյալներին, վերջիններս բնակիչների հետ լքել էին գյուղն ու նահանջել Նավթալան քաղաքի ուղղությամբ: Մեր տղաները անցել էին Ինջա գետն ու դուրս եկել ձախ ափ` այնտեղ, որտեղ գյուղն է: Բայց հակառակորդը ուշքի գալով հետ էր դարձել ու անցել շեշտակի գրոհի… Արդյունքում մերոնք 76 զոհ էին տվել…

Հարեւան դիրքի ավագ, սերժանտ Արմեն Քարամյանը խրամատի միջով մեզ ուղեկցում է դեպի դիտակետ, ուր հերթապահում են երկու դիտորդները: Հակառակորդի պաշտպանական գիծը բավականին հեռու է` Ինջայի ձորակի դիմացի ափին: Սակայն ուշադիր նայելու դեպքում անզեն աչքով էլ կարելի է տեսնել ձորակի պռնկի երկայնքով ձգվող հողաթումբը, որից այն կողմ թշնամու խրամատն է: Հայ սահմանապահների պատմելով` ընդհանրապես այս տեղանքում հակամարտող կողմերի առաջնագծերի միջեւ հեռավորությունը հասնում է կիլոմետրի եւ ավելիի: Կոնկրետ այս դիրքում, Քարամյանի ասելով, հեռավորությունը 2400 մ է: Բայց հակառակորդը խոշոր տրամաչափի ԴՇԿ, «Ուտյոս» տիպի գնդացիրներից բացած կրակով երբեմն խախտում է հարաբերական անդորրը, ինչին հետեւում է հայ դիրքապահների կրկնակի-եռակի ուժեղ պատասխանը, ու նորից լռություն է տիրում…

Խրամատից դուրս` դեպի հակառակորդն ընկած տարածքը, որպես կանոն, ականապատված է: Արմենը ցույց է տալիս նաեւ խրամատը քողարկող հողաթմբից մի քանի մետրի վրա անցկացված փշալարերով արգելքը, որի նպատակը թշնամու հավանական գրոհի ընթացքում ժամանակ շահելն ու արգելքի հաղթահարման պահին հակառակորդին ոչնչացնելն է: «Դիրքերում լինում են կրակոցներ, բայց ընդհանուր վիճակը նորմալ է: Ամենակարեւորն այն է, որ զգոն ենք, ու հակառակորդի ամեն մի հարձակում պատրաստ ենք հետ մղել»,- ասում է Քարամյանը:

Բանից պարզվեց, որ 24-ամյա սերժանտը ոչ միայն  դիրքի ավագ է, այլեւ հենակետի պատասխանատուի  պաշտոնակատար, ասել է թե` երեք դիրքի պատասխանատու: Տղաները պատմեցին, որ դասակի նախկին հրամանատարը, ում ժամանակավորապես փոխարինում է Արմենը, զոհվել է ավտովթարի ժամանակ: Բլինդաժի կողքին կանգնեցված խաչքարի վրա փորագրված է. «Մանուկի պատվին` 1-ին հրաձգային գումարտակի կոլեկտիվի կողմից»: Կապիտան Արշակյանը, սակայն, հավաստիացրեց, որ նշված հենակետը իր մշտական վերահսկողության տակ է գտնվում:

Դիրքապահ  հայ սպաները միակարծիք են, որ շփման գծի հարաբերական խաղաղությունը հայկական բանակի ուժի արդյունք է: «Սահմանում տիրող հարաբերական անդորրը պահպանվում է մեր զորքի շնորհիվ, դրա երաշխավորը հայկական բանակն է, եւ անդորրը կտեւի այնքան, ինչքան մենք բանակ ունենք: Իսկ մեր բանակը քանի գնում, այնքան ծաղկում ու բարգավաճում է»,- կտրուկ տոնով ասում է կապիտան Արշակյանը: Հակառակորդի կողմից հնչող սպառնալիքները, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին հայտարարությունները հայ սպան այսպես է մեկնաբանում. «Գործ սկսողը, գործ անողը երբեք չի ասում գործի մասին, գործը անում է, նոր ասում: Իսկ եթե թշնամին ուզում է մեր զորքի վրա հոգեբանական ազդեցություն գործել, դա իրեն չի հաջողվի, որովհետեւ դա մեզ է հաջողվել նրա զորքի վրա հոգեբանական ազդեցություն ունենալ. բազում հաղթանակներ ունենք նրանց նկատմամբ: Իսկ դրանք մեր զորքի ամենամեծ ուժերից մեկն են: Քանակը որակ չէ»:

Փոխգնդապետ Ղուլյանն էլ, նույն հարցը դիտարկելով Շարժման սկզբնական փուլի ու այսօրվա համեմատության տեսանկյունից, ասում է. «Եթե 1988-1990 թթ. իրենց մոտ եղել են զենքեր, որ մենք չենք ունեցել, մենք մեր հերթին հայթայթել ենք ու դուրս եկել նրանց դեմ ու հաղթել ենք: Չնայած էն ու էս թվերի մեջ մեծ տարբերություն կա, բայց հիմա նրանք ինչքան էլ որ բարձրորակ զենք-զինամթերք, տեխնիկա ունեն, մենք էլ ունենք: Շատ էլ թե ասում են, թե կարող է կռիվը սկսվի ու հողերը հետ տանք: Ես համոզված չեմ, որ մենք կարող է էսքանը վերցրած նորից տանք իրենց: Դա չի լինի: Չգիտեմ` ելքը ոնց կլինի, բայց հաստատ մինչեւ վերջին արյունն էլ պիտի դիմադրենք: Մեզ հետ նահանջելու տեղ չունենք: Մի անգամ նահանջել ենք ու նորից եկել, էլ մեզ տեղ չունենք, կա’մ պիտի առաջ գնանք, կա’մ էլ մնանք. Վե’րջ»:

«Տղաների  մեջ անպայման մտցնում ենք հաղթողի  հոգեբանությունը: Կիրակի օրերին ֆիլմեր ենք ցույց տալիս, բացատրում, թե ոնց է եղել, ոնց է հիմա,- շարունակում է Ղուլյանը,- ոչ մի բան չի փոխվել. հակառակորդը մնում է հակառակորդ, մենք էլ մնում ենք մենք: Հակառակորդի զենքի ու թվաքանակի դեմ հայի ոգին ու ուժն է, էստեղ ուրիշ ոչինչ չկա: Ինչքան ուզում է, թող բերի: Էն ժամանակ էլ է նույն քայլն արել մեր դեմ: Կարեւորը մեր անձնակազմի ու  սպայակազմի «դուխն» է, որը մենք միշտ բարձր ենք պահում»:

Իր  տղաների որակներին վստահ է  նաեւ վաշտի հրամանատար Արշակյանը. «Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած ոտնձգություն կանխելու: Ես, այսինքն` իմ զորքը, ստորաբաժանումը ցանկացած պահի պատրաստ է պատերազմի: Տղաները բարձր են տրամադրված, պատրաստ են մինչեւ վերջին կաթիլ արյունն էլ խրամատում անցկացնել»…

Սերժանտ Քարամյանի դիրքի զինվորներին հրաժեշտ տալուց առաջ միասին լուսանկարվում ենք: «Ուշադիր եղեք»,- տղաներին հորդորում է կապիտան Արշակյանը:

 


Ключевые слова: армия обороны, ոչ մի թիզ հող, պաշտպանության բանակ
Автор: Վահե Սարուխանյան ссылка: http://hetq.am
Читайте также:
Դիտումներ Просмотров: 969 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com