Շաբաթ, 24.06.2017, 04:00
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Կարևորը Հայաստան կերտելն է...
26.04.2010
Ապրիլի 22-ին, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր հավաք - քննարկում «Արցախյան ճակատում «ստատուս-քվոյի» հրամայականը» թեմայով։ Ստորև ներկայացնում ենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանի ելույթը։

Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու Լեռնային Ղարաբաղի' այսպես կոչված ստատուս-քվոյի պահպանման և դրա նպատակահարմարության հարցը:

Ինձ համար ազատագրված տարածքները իմ Հայրենիքի մի մասն են, որոնք հայ զինվորի արյունով են ետ բերվել: Սրանով կարելի էր և սահմանափակվել և նույնիսկ փակել մեր ժողովը, ասելով' ստատուս-քվո և վերջ:

Սակայն ես կխուսափեմ բարոյախրատական խոսքերից, քանի որ համարում եմ, որ եթե մարդը հասկանում է, որ խոսքն իր Հայրենրիքի մասին է, ապա անիմաստ է դրա մասին խոսել: Անիմաստ է խոսել նաև' եթե չի հասկանում: Ստիպված եմ նաև խուսափել ռազմական անհրաժեշտության գնահատականներից, քանի որ ելույթի համար հատկացված ժամանակը չի բավականացնի:

Պարզապես կփորձեմ օգտագործել իշխանական բառապաշարը և փաստարկների համակարգը և ձեզ հետ միասին հասկանալ, թե իրականում ինչ հիմնավորումներ են արված Հայաստանի մի մասը օտարին հանձնելը արդարացնելու համար:

Բանաձև առաջին:

Լավ ենք ապրելու, եթե հանձնենք հայկական հողերը:

Դեռևս 2005թ. հուլիսի 3-ին Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը' Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող հայտնի AEPLAC-ը, հրապարակել էր մի զեկույց, որում նշված է, որ հայ-թուրքական սահմանը բացելու պարագայում Հայաստանի տնտեսությունը կստանա տարեկան ընդամենը 20-ից 23 մլն դոլար, իսկ հետագա հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ն կաճի ընդամենը 2,7 %-ով:

Այդ զեկույցը քննադատվեց, մասնավորապես բերելով այն փաստարկը, որ հայկական ապրանքների արժեքի մեջ տրասնպորտային ծախսերը կազմում են 25-30 տոկոս: Ենթադրվում է, որ եթե այդ տոկոսը լիներ փոքր-ինչ ավելի պակաս, ապա Հայաստանը ամբողջ աշխարհը կողողեր իր ապրանքներով:

Հայաստանը սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, որն ունի 70 միլիոն բնակչություն: Այդ երկիրը 2007թ. տվյալներով իրականացրել է 54 միլիարդ դոլարի ներմուծում, հիմնականում' զարգացած երկրներից:

Հարց. որտեղ՞ է այդ ահռելի ծավալի մեջ հայկական արտահանումը: Եթե Հայաստանը ի վիճակի չէ ապրանք արտահանել համեմատաբար ոչ զարգացած և անմիջականորեն սահմանակից երկիր, ապա ինչ՞ կտա ևս մեկ 70-միլիոնանոց շուկա, որը շատ ավելի զարգացած արդյունաբերություն ունի:

Թե՞ ենթադրվում է, որ եթե Հայաստանը չի կարող արտահանել Իրան և Թուրքիա, ապա միգուցե Եվրոպա՞ն է կարոտ մեր ապրանքներին:

Իշխանությունների այս հիմնավորման մեջ կա մի քանի խաբկանք.

-Առաջին. խնդիրն այն չի, որ Հայաստանը բաց սահման չունի, խնդիրն այն է, որ Հայաստանը տնտեսություն, արդյունաբերություն չունի: Մեր, այսպես ասած, գործարար վերնախավը իր կրթական, մտավոր և արժեքային մակարդակով ընդունակ չէ խորովածանոցից և սաունայից, առնեմ-ծախեմի մակարդակից ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակ ապահովել. ուզում ես 100 սահման բացիր:

-Երկրորդ. հայ-թուրքական սահմանի բացումը ազդելու է ոչ թե աշխարհի ծայրին գտնվող զարգացած երկրների հիպոթետիկ սպառողներին ապրանքներ արտահանելու վրա, այլ անմիջապես սահմանակից սպառողների համար: Վրաստանով, թե Թուրքիայիվ հայկական ապրանքների արտահանումը միևնույն արդյունքն է ունենալու, ոչ մի տարբերություն. ապրանքի գինը բարձրացնելու են նույն համամասնություններով: Թուրքիան ավելի նպաստավոր տարանցիկ պայմաններ չի տա մեզ, և թուրքերն իրենց տարանցիկ ծախսերը միշտ կհամատեղեն վրացիների հետ:

Այս առումով, մեզ ոչ թե թուրքական տարանցումն է անհրաժեշտ, այլ թուրքական շուկան:

Պարզապես մենք այդ շուկային ոչինչ չունենք առաջարկելու: Իսկ եթե արտադրող և արտահանող չունես, միակ շահառուն կլինեն ներմուծողները:

-Երրորդ. Հայաստանը ուրարտական շրջանից սկսած Միջին Արևելքի մեծ աշխարհատնտեսական շրջանի մասն է, որն ընդգրկում է Միջագետքը Պարսից ծոցով, Իրանը, Սիրիան, Հայկական բարձրավանդակը և հարակից շրջանները. հույսեր տածել, թե կարելի է տնտեսապես դուրս գալ սեփական տարածաշրջանից նույն տարածաշրջանի մեկ այլ երկրի միջոցով, որին, ի դեպ, նույնպես դա թույլ չեն տալիս - ինքնախաբկանք է:

Ուստի մոլորություն է, որ Հայաստանը կարող է ինտեգրվել Եվրոպային' լինելով Միջին Արևելքի մաս. մենք կարող ենք կամ մնալ ինքնուրույն' ինտեգրվելով Միջին Արևելքի շուկային, կամ ինտեգրվել թուրքական շուկային: Կարելի է խաբել մարդկանց, բայց տնտեսական աշխարհագրությանը խաբել չի լինի:

Ահա այս գաղտնիքը, որ իրականում խոսքը թուրքական շուկայի մաս կազմելու մասին է' իշխանությունը երբեք չի բացահայտում:

Այստեղ ես ուզում եմ դասագրքային մի փոքր տեսական դրույթ հիշատակել. դա Հեկշեր-Օլինի տեսությունն է, որը հիմնավորում է, որ երկիրը մասնագիտանում է այն ապրանքների արտադրության մեջ, հետևաբար արտահանում է այն ապրանքները, որոնց արտադրության մեջ ունի բնական համեմատական առավելություն:

ՈՒստի, Հայաստանը, չունենանով առավելություն մեծ կապիտալի, տեխնոլոգիաների, բարձր որակավորում ունեցող բանվորական դասակարգի հարցում, կարող է մասնագիտանալ երեք ճյուղերում' լեռնահանքային արդյունաբերություն և գյուղատնեսություն, որոնց հիմքը հանդիսացող ռեսուրսների մի պատկառելի մասը առաջարկվում է հանձնել, ինչպես նաև բարձր տեխոնոլոգիաներ, որոնց զարգացումը սահմանի առկայության հետ կապ չունի:

Մեծածավալ և բերրի հողատարածքներ մշակող ֆերմերային տնտեսությունների շնորհիվ Թուրքիան գյուղատնտեսության ոլորտում ունի համեմամատական առավելություն: Սահմանի բացումը կսպանի մեր գյուղատնտեսությունը, և տնտեսական հարաբերությունների արդյունքը կլինի պարսկական, այն է' զրոյական արտահանում և միայն ներմուծում' ակնկալվող թուրքական խանութներով, դրանց թուրք տեր-տնօրեններով և հայ կին աշխատողներով:

Այս առումով, առանց ազատագրված տարածքների գյուղատնեսական հողերի լայն օգտագործման մենք չենք կարող գյուղատնտեսության բնագավառում ստեղծել կենսունակ ապրանքային արտադրություն:

Իշխանությունների տնտեսական արդարացումները ամփոփելով, ուզում եմ մատնանշել ևս մեկ փաստարկ, որով նրանք առաջարկում են լավ ապրելու համար հանձնել ոսկու և պղնձի հանքերը, բերրի հողերը և արոտավայրերը, անտառներն ու գետերը: Իհարկե սա նման է վատ կատակի, սակայն անհրաժեշտ եմ համարում նշել, որ ոչ ոք դեռ չի հաշվել, թե հանձնելով մի հսկա տնտեսական ռեսուրս և ստանալով թուրքերի հետ օր առաջ էժան ներմուծում անելու իրավունք, ի վերջո երկարաժամկետ հեռանկարում մենք շահու՞մ ենք, թե՞ ոչ:

Այս ամենը կարելի է հաշվարկել, ընդ որում' նաև քաջ գիտակցելով, որ միևնույն է, վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու բացել սահմանը:

Տպավորություն է ստեղծվել, որ ներկա իշխանությունը ազատագրված տարածքներին վերաբերվում է որպես մի չաշխատող և սեփականաշնորհման ենթակա մի օբյեկտի, ձեռի հետ էլ լեգիտիմության պակասը լրացնելով և անցաթուղթ ստանալով դեպի նույն թուրքական շուկան:

Այդ ամենը հասկանալի է, սակայն ի՞նչ կապ ունի դա հայ ժողովրդի շահերի հետ:

Չկա տնտեսական լուծում' կապված սահմանների հետ, կա քրեաօլիգարխիկ, կլեպտոկրատ և կլեպտոման վարչակարգ, որն օր առաջ պիտի հեռացվի: Հակառակ դեպքում, հարյուր սահման էլ ունենաս, հանքեր և գանձեր, հորեր և ծովեր, արդյունքը նույնն է լինելու:

Եթե փորձենք նույն Հեկշեր-Օլինի տեսությունը բերել քաղաքականություն, ապա քաղաքական պատկերը կլինի հետևյալը. երկիրը հիմնում է իր քաղաքականությունը այն գործոնների վրա, որոնց ստեղծման մեջ ունի ռեսուրսային առավելություն, հետևաբար շահարկում է' սահմանափակում կամ արտոնում է այդ ռեսուրսների մատչելիությունը միջազգային այլ խաղացողների համար :

Այդ իմաստով Հայաստանը ունի կարևորագույն երեք ռեսուրս'

-Ցեղասպանության հարցը որպես Արևմտյան Հայաստանի թուրքապատկանության լեգիտիմացման գործոն

-ԼՂՀ հարցը որպես Ադրբեջանի նեքրին հարց

-և 42000 քառ. կմ ունեցող հայկական վերահսկողությամբ տարածաքային կոնֆիգուրացիա, որն էական, երբեմն վճռորոշ ազդեցություն է գործում տարածաշրջանային զարգացումների վրա:

Ընդ որում, օգտագործելով առաջին գործոնը, թիրախ ընդունելով երկրորդը' մենք ստեղծեցինք երրորդը, որն արդեն ինքնին ապահովելու է հետագա գործողությունների հաջողությունը: Այսինքն, շահարկելով Ծեղասպանությունը և նպատակ ունենալով վերահսկել Բաքվի կամքը ստեղծեցինք ինքնուրույն գործոն' տարածքային բարենպաստ կոնֆիգուրացիա: Այդ փաստը մինչև օրս դեռ մեզանում գնահատված չէ:

Եթե Հայաստանը արժեք ունի, ապա' այդ ռեսուրսների շնորհիվ, որոնցից ձեռբազատվելը նման կլինի Ռուսաստանի կողմից Սիբիրից ազատվելը' որպես ավելրոդ բեռ:

Ինչևէ, ասելով' ռեսուրս չունենք, մարդիկ առաջարկում են 'եկեք ռեսուրսները տանք, որ խաղից դուրս գանք պատվով:

Խնդիրն այն է, որ առանց ռեսուրսների սուբյեկտը դառնում է օբյեկտ, իմա խաղալիք:

Տրամաբանական սխալն այն է, որ զիջելով ռեսուրսը, ակնկալվում է իբր ստանալ անվտանգություն, որն ընդամենը ռեսուրսների առկայութայն հետևանք է և հանրագումար, ոչ թե ինքնին ռեսուրս:

Ընդ որում, այդ անվտանգության միակ երաշխիքը իրականում դառնում է թուրքի բարի կամքը և ուրիշ ոչինչ:

Այստեղ իսկապես հակադարձելու բան չկա, դա հոգեբանա-տրամաբանական խնդիր է. եթե մարդը ուզում է լինել խաղալիք, ոչ ոք չի կարող նրան ստիպել դառնալ իր ճակատագրի տերը:

Այս պահին այդ փաստարկի վերաբերյալ ես ուզում եմ միայն արձանագրել, որ այդ դիրքրոշումը քաղաքական չէ, այլ հոգեբանական և դրա արմատներին ես կանդրադառնամ ստորև:

Հաջորդ, ավելի զգայական փաստարկը, որ մեզ հրամցնում են, հետևյալն է. տանք Հայաստանի մի մասը, որ ապահովենք մնացածի անվտանգությունը:

Ենթադրվում է, որ աղվեսը կբավարարվի մեկ ճուտիկով և մյուսների ետևից չի գա:

Դե, առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է' իսկ ինչու՞ հանքերով հարուստ Քարվաճառը, ոչ թե, ասենք, Ապարանը: Ապարանցիները թող չանհանգստանան, ինձ համար չկա տարբերություն Ապարանի, Մեղրու կամ Ստեփանակերտի միջև, բոլորը իմն են:

Հարց է առաջանում, եթե մենք տեսնում ենք հայատյացությամբ դաստիարակված մի սերունդ կասպիական թուրքերի պետության մեջ, տեսնում ենք չզղջացած ցեղասպան Թուրքիա, տեսնում ենք ազգային փոքրամասնությունների ճնշումներ երկու կայսրություններում' մեծ և փոքր, օսմանիզմով տառապող մի ագրեսիվ դաշինք, ապա առավել նպաստավոր ռազմական դիրքերը հանձելով, մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ հաջորդ քայլը Մեղրիի պահանջը չի լինելու. որ էլ ավելի անվտանգ և լավ ապրենք:

Եթե հիմա, մեր դիրքային առավելության պայմաններում հակառակորդը չի գնում և ոչ մի զիջման, ապա մեր զիջումների պարագայում, փաստորեն, ակամա խրախուսելով նրա բնազդները, մենք ինչի՞ վրա ենք հույսներս դրել:

Այստեղ անվտանգություն բառը անհրաժեշտ է կիռառել լայն իմաստով, այն է'

-ջրային անվտանգություն' հիշելով, որ Արցախի և Հայաստանի գետերի ակունքները գտնվում են Քարվաճառում,

-գյուղատնտեսական անվտանգություն' հիշելով, որ միայն Արաքսի հովիտը մշակելով է հնարավոր ապահովել Հայաստանի ինքնաբավությունը և պարենային անկախությունը, և նույնիսկ զարգացումը և արտահանումը,

-տրասնպորտային անվտանգություն' հիշելով, որ նույն Արցախի ներսում կամ Մեղրի-Կապան կամ Հայաստան-Իրան հաղորդակցությունը առանց ազատագրված տարածքների ուղղակի հարվածի տակ են:

Ինչևէ, ազգային անվտանգության այս կարևոր բաղադրամասերը հանձնելով, ենթադրվում է, որ պատերազմի վտանգը կնվազի: Որոշ առումով ես նույնիսկ համաձայն եմ, իսկապես, դրանից հետո մնում է միայն հանձնվել:

Եթե խոսքը պատերազմի վտանգը նվազեցնելու մասին է, ապա մեր հաղթանակը չէ թշնամանքի պատճառը, այլ հակառակը' Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական կեցվածքն են պատերազմի պատճառը: Մի՞թե մենք մոռացել ենք հակամարտության սկզբնաղբյուրը: Ուստի, մի՞թե խաղաղության գինը մեր պարտությունն է:

Այստեղ խաղաղասերների կողմից նաև կիրառվում է մի զգայական հնարք, թե «հարևանների հետ պետք է խաղաղ ապրել», թեկուզ սեփական հողը հանձնելու գնով: Այդ խաբկանքը հօդս է ցնդում, երբ հարց է առաջանում հայկական ավանդական օջախային մակարդակով. իսկ ինչու՞ չեք ուզում խաղաղ և հարևանավարի ապրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ կամ էլ ընդդիմության հետ, մի բուռ հայ և հարևան ենք, ազգ էլ չեն սպանել: Ինչու՞ քաղաքական բանտարկյալների հետ չեն ուզւոմ ապրել "հարևանավարի", իսկ թուրքի հետ առաջարկում են:

Բացատրությունների շարքը էական չէ, էականը քաղաքական հաշվարկների տրամաբանությունն է, որի հիմքում ազգային փոքրամասնության հոգեբանությունն է, որը թուրքին ընկալում է որպես տեր, իսկ հային' ճորտ:

Ի վերջո, հայկական զիջումները' հաղթանակի նվիրաբերումը, մարդասպանին տալու՞ են հարևանի կարգավիճակ:

Նման դիրքորոշումը կարելի էր միայն ծիծաղելի համարել և սահմանափակվել, եթե այդ «գանդիզմի» ախտը չունենար խորքային հիմքեր հայի գիտակցության մեջ, այդ գիտակցությամբ էին համայնքների մեծամեծները առաջնորդում իրենց հոտ-ժողովրդին Դեր Զոր 1915թ., իսկ հիմա մեզ ուզում են առաջնորդել պատվավոր կապիտուլյացիայի:

ՈՒզում եմ նաև այդ խաղաղասերներին հարց տալ. իսկ եթե դուք, պարոնայք, սխալվում եք, և եթե ձեր առաջարկած փոխզիջումներից հետո պատերազմը վերսկսվի անբարենպաստ դիրքերից, Ղարաբաղը հայաթափվի, նորից լինեն հազարավոր սպանվածներ, բռնաբարվածներ և բռնագաղթածներ, դուք պատասխան տալու՞ եք ձեր «հանճարեղ» քաղաքականության համար:

Ի վերջո, ո՞վ է իրականացնելու հայատյացության դարավոր խորքային արմատներ ունեցող Անկարայի և Բաքվի ապառազմականացումը և ապանացիֆիկացումը: Թե՞ ահաբեկիչ պետություններին խրախուսելով կարելի է սեփական անվտանգությունը ապահովել: Սրան պատասխանում են' միջազգային հանրությունը թույլ չի տա... Այնպես, ինչպես «թույլ չտվեց» Ռուանդայում, Սերբական Կրայինայում կամ Կոսովոյում:

Կգան, Բաքուն կռմբակոծեն, նավթատարները կփակեն, և ընդհանրապես շատ խիստ կջղայնանան: Իսկ 2 հազար խաղաղապահներ ատրճանակներով իրենց կյանքը կտան ի փառս Հայրենյաց:

Համայնքը (իմա' միջազգային հանրությունը) զորավոր է, և մենք, սեփական անվտանգությունը զիջելով ուրիշի քմահաճույքին' մեզ ավելի անվտանգ կզգանք:

Իհարկե ոչ: Որովհետև բոլորն էլ թքած ունեն այս ամենի վրա: Իսկ եթե ոչ, ապա ինչու՞ ենք վախենում այդ նույն անատամ և անտարբեր միջազգային հանրությունից:

Եվս մեկ խաբկանք. եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինի, ապա այն կլինի անվտանգ, և մենք հանգիստ շունչ կքաշենք, այլևս քաղաքականությամբ չենք զբաղվի, բանակ չենք պահի, կզբաղվենք մանր առևտրով և «հայրենասիրական-ակումբային» անվտանգ ճառերով, իսկ զորավոր համայնքը մեզ կպաշտպանի: Այսինքն, միջազգային համայնքը զորավոր է և թույլ չի տա ոչնչացնել միջազգայնորեն ճանաչված տարածքը, երևի թե այնպես, ինչպես թույլ չտվեց Կիպրոսում կամ մեր աչքերի առջև' Վրաստանում:

Իսկապես, քաղաքական կորուստների և նվաճումների հաշվարկը թույլ չի տալիս Թուրքիային ոչնչացնել Հայաստանը, նույնիսկ 42 հազ. քառ.կմ իր կողմից չճանաչված տարածքով: Նաև' որովհետև ոտնձգությունը հայկական տարածքի հանդեպ հարցականի տակ կդնի նաև ներկայիս Թոււրքիայի Հանրապետության տարածքի ամբողջականությունը, և միջազգային ճանաչումը այստեղ ոչ մի կապ չունի:

Սակայն, եթե միգազգային հանրությունը de-facto հանդուրժում է և մարսել է հայկական ռազմաքաղաքական վերահսկողությունը 42 հազ. քառ. կմ-ի հանդեպ, միթե՞ de-ure-ի խաբկանքը ավելի էական է, եթե նվազեցնում է de-facto-ն և հանձնում է մեր իսկ անվտանգությունը ուրիշների ձեռքը:

Ով և ինչու՞ է որոշել, որ երկու հայկական պետությունների անվտանգության համար անհրաժեշտ է ԼՂՀ միջազգային ճանաչումը ի հաշիվ ռազմական առումով լավ սահմանի:

Այո, կան խաղի կաննոներ և կան շահեր: Զորօրինակ, եթե կասպիական թուրքերի պետությունը լիներ ժողովրդավար, մենք մեր «ճաշը» վաղուց կերել էինք: Եվ, հակառակը, եթե Հայաստանի Հանրապետությունն ունենար սահակաշվիլյան Վրաստանի իմիջի և միջազգային կապերի կեսը, հարցը նույնպես ավարտված կլիներ:

Բայց ով է մեզ խանգարում ներքին հարցերը լուծել, որ մենք ներքին աղբը և ուղղակի դեգեներատիվ վիճակը փորձում ենք փոխհատուցել արտաքին զիջումներով:

Կարող են ինձ հակադարձել. Թուրքիան և Ադրբեջանը ժողովրդավար և ինքնամաքրված պետություններ կդառնան հայկական զիջումների տպավորության ազդեցությամբ և հայերին կսիրեն ինչպես իրենք իրենց: Նույնիսկ մարդիկ կան, որ ասում են, թե դա հիմա էլ է այդպես:

Այստեղ սայլը ձիուց առաջ են դրել, և հակառակորդի տեսական ներքին հայատյացության հաղթահարումը, որը հակամարտության պատճառն է, թողնում են հեռավոր և մշուշոտ ապագային, իսկ հայկական կողմի զիջումները' ներկային:

Ինչևէ, եթե ես ապրեմ այդքան, ապա այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի երկիր զիջելը նման բարի և կամեցող անշառ հարևան երկրներին: Թող ըմբռնումով մոտենան' հարգելով ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Հայ ժողովուրդը իր դառը անցյալով պիտի գիտակցի, որ, միմիայն սեփական ուժերի վրա հիմնվելով կարող է ապահովել իր ապագան, հույսը չդնելով օտարների թղթե խոստումների վրա: Թուրքական ծովում համակերպվելու փիլիսոփայությունը ազգային փոքրամասնության մտածողություն է, ոչ թե պետականաստեղծ ժողովրդի:

Հաղթանակը զիջելու, չպայքարելու և սեփական ինքնությունը ճնշելու փիլիսոփայությունը բերում են մի հարցի. արդյոք ո՞վ կուզենա լինել այդպիսի հայ:

Լավ ապրելու և անվտանգությունը ապահովելու շատ հասարակ ձև կա' տոմս դեպի, ասենք, մի խաղաղ եվրոպական անկյուն և քո երեխաների դանդաղ ուծացում:

Ազգային փոքրամասնության փիլիսոփայությունը պատրաստվում է այդպիսի մի տոմս գնել ամբողջ ժողովրդի համար. պարզապես դա նույնպես նշանակում է վճարել նույն գինը' ուծացումը, ինքնության նենգափոխումը, «պատվավոր» կապիտուլյացիա' կամավոր և անսկզբունք, քանի որ ռեալ-պոլիտիկը մեր իշխանությունների պատկերացմամբ սկզբունքներ չունի, բացի փողից:

Ամփոփելով ուզում եմ նշել, որ հանձել երկրի մի մասը, որ խուսափես պատերազմից' չի նշանակում, որ չհանձնելով տարածքները դատապարտված ես պատերազմին: Դա ընդամենը նշանակում է, որ դու պարտավոր ես ունենալ լավ երկիր, լավ կառավառություն և լավ բարոյահոգեբանական վիճակ քո երկրում, պահպանել լավ մարզավիճակը և ոչ թե տրվես վայելքներին, թուլություններին և սոդոմականությանը:

Սա դժվար խնդիր է. նախընտրելի է պատկերացնել, որ Հայաստանը կարելի է դարձնել, ասենք, Լատվիա, ոչ թե Իսրայել, թաքնվել և ոչ մեկին չխանգարել, որ թույլ տան շնչել: Չի հաջողվի, մենք երբեք Լատվիա չենք եղել, այլ միշտ եղել ենք Իսրայել, հակառակ դեպքում չէինք դիմանա մի քանի հազարամյակ: Չէ, մեզնից Լատվիա դուրս չի գա, այնպես ինչպես թուրքերից' էստոնիա, ուրեմն պետք էլ չէ փորձել:

Ընդամենը պետք է խիզախություն ունենալ և հասկանալ, որ ամեն ինչ մեր ձեռքերում Է:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ես ոչ մի կասկած չունեմ, որ այդ երկիրը ճանաչելու է Ցեղասպանությությունը, բացելու է սահմանը' առանց Ղարաբաղի հարցի կարգավորման, երբ իրենց առջև տեսնեն տիրոջը, ոչ թե իրենց հպատակին: Նույնիսկ թուրքերը' ունենալով քրդական հարց, կարող է մի օր էլ դառնան մեզ հարևան: Կարևոր չէ:

Այնպես ինչպես մենք 600 տարի ապրել ենք ճորտի կարգավիճակում, այնպես էլ թուրքերը տիրոջ, և հետևաբար նրանք ոչ միյան տարածքն են համարում իրենցը, այլ նույնիսկ մեզ' հայերիս: Եվ մինչև իրենք իրենց առջև չտեսնեն Տեր, պետական մտածողություն ունեցող ազգ, երբեք հավասարը հավասարի հետ չեն խոսա:

ՈՒստի, կարևորը Հայաստան կերտելն է, և ոչ հայկական ինքնավարություն թուրքական միջավայրում, մենք այդ արատավոր առևտրային հոգեբանությունը շուրջ 600 տարի ունեցել ենք և գիտենք ինչով է դա ավարտվել:

 


Ключевые слова: аналитика
Автор: Հայկ Բալանյան ссылка: http://infernoarm.livejournal.com
Читайте также:
Դիտումներ Просмотров: 875 | Ավելացրել է Добавил: vaykuneci | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1348

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com