Երկուշաբթի, 11.12.2017, 19:24
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հարցածրույցներ Интервью

«Արցախյան հիմնահարց. «մադրիդյան սկզբունքների» լույսն ու ստվերը»
18.07.2009
-«Մեծ ությակի» գագաթնաժողովում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ղեկավարները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն արեցին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ կարծիք հայտնեցին, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև համաձայնությունը պետք է ձեռք բերվի 2007թ. Մադրիդյան համաձայնագրի սկզբունքների հիման վրա, ինչին Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակաները տվեցին իրարամերժ գնահատականներ։ Ըստ Ձեզ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ համար իրական վտանգներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ։

Ալեքսանդր Քանանյան-«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն արձանագրում են, որ Մադրիդյան սկզբունքների իրականացումը ոչ միայն իրենց ամբողջության, այլև առանձին վերցված յուրաքանչյուր բաղադրիչի մեջ, ներկայացնում է խոշորագույն սպառնալիք երկրի պաշտպանունակության իսպառ վերացման և, ըստ այդմ, Հայաստանի ազգային անվտանգության առումով՝ դրանից բխող՝ Հայաստանի հանրապետության և Արցախի համար համապարփակ բնույթի բոլոր ծանրագույն հետևանքներով։ Որքան էլ հեղինակավոր լինեն խոստացված երաշխիքները, մենք պնդում ենք, որ Մադրիդյան սկզբունքները կենսագործելու յուրաքանչյուր գործնական նկրտում առաջին իսկ ժամերի ընթացքում, հանգեցնելու է գործընթացների կառավարելիության գրեթե զրոյացմանը, իրավիճակի համակարգային ապակայունացմանը, պաշտպանական գծերը լքելու հրաման ստացած զորամիավորումների և հակամարտության գոտու բնակչության համընդհանուր բարոյալքմանը և, որպես հետևանք՝ Արցախի և Սյունիքի զգալի հատվածի շուտափույթ և անդառնալի հայաթափությանը, ինչպես նաև ռազմավարական անվտանգություն ապահովող առանցքային դիրքերի կորստյանը։ Այս ամենն անխուսափելիորեն լավագույն առիթ կընծայի Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողությունները գրեթե անմիջապես վերսկսելու համար։ Զարգացումների վաթտար սցենարի պարագայում հավանական է Արցախի և Սյունիքի կորուստը, իսկ լավատեսական և անհամեմատ ավելի սպասելի տարբերակում՝ մենք կունենանք բնակչության և միջին սպայական շերտի համընդհանուր ընդվզում։ Մենք խորապես համոզված ենք, որ Մադրիդյան սկզբունքները գործնականում կյանքի կոչվել չեն կարող։ Դեռևս կամենում ենք հուսալ, որ սեփական ժողովրդի հանդեպ հանցավոր անպատասխանատվությամբ Մադրիդյան հորջորջված սկզբունքների շուրջ տարիներ բանակցած իշխանությունը համապատասխան ադեկվատություն կցուցաբերի և գոնե վերջին պահին, գիտակցելով սպառնալիքների ողջ լրջությունը, այդ թվում՝ նաև իրենց անձնավորված անհատական պատասխանատվությունը Հայոց պետականության և մեր ժողովրդի առաջ, հետ կդառնա այս ճանապարհից, և հակապետական ծանրագույն հանցագործություն կատարելու ոտնձգության չի դիմի:

Գերասիմ Բարսեղյան- Նախ նշեմ, որ ներկայացնելու եմ իմ մոտեցումները, որոնք հնարավոր է, որ չհամընկնեն մեր կուսակցության պաշտոնական դիրքորոշման հետ։ Պարոն Քանանյանի ասածը, ըստ էության, հանգում է նրան, որ Մադրիդյան սկզբունքի կյանքի կոչումը բերելու է իրավիճակի էսկալացիայի։ Անկեղծ ասած, նման տեսակետի հետ ես այնքան էլ համաձայն չեմ։ Ծայրահեղ գնահատականներ արդեն տրվել են։ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն վաղուց դադարել է ռեգիոնալ լինելուց և դարձել է միջազգային կոնֆլիկտ։ Եվ արդեն գերտերությունների ղեկավարների մակարդակով բավականին լուրջ հայտարարություններ են արվում։ Այսինքն, մենք ուզենք թե չուզենք, գնալու ենք կոնֆլիկտի լուծման ճանապարհով։ Վերջին 15 տարիների բանակցային գործընթացը կարելի է խիստ տարբեր կերպ գնահատել՝ հաջողված, ինչ-որ տեղ՝ չհաջողված։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։ Վստահաբար կարող եմ ասել, որ Մադրիդյան սկզբունքները և գերտերությունների ղեկավարների կողմից դրանց «գաղտնազերծումը», ըստ էության, որևէ նոր իրողություն չբացահայտեց։ Այսինքն, հասարակության մեջ այդ խոսակցությունները միշտ կային, իշխանությունները այս հարցում բավական անկեղծ էին։ Մեզ համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը մտահոգիչ իրողություն չբերեց։ Մյուս կողմից, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, դեստրուկտիվ մոտեցումները վկայությունն են այն բանի, որ Մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի համար կան ոչ շահեկան առաջարկներ։ Վերջին 10 օրերի ընթացքում Ալիևը 4-5 անգամ, տարբեր առիթներով և մակարդակներում, հայտարարություններ է անում։ Ընդհանրապես, ադրբեջանական կողմն իրեն շատ ավելի անհավասարակշիռ է պահում, շատ ավելի ջղաձիգ կեցվածք ունի, քան հայկական կողմը։ Սա վկայությունն է այն բանի, որ Մադրիդյան սկզբունքներում կան դրույթներ, որոնք հակասում են պաշտոնական Բաքվի շահերին։ Եվ դա չենք կարող չնկատել։

-Ձեզանից յուրաքնչյուրը ինչպե՞ս է պատկերացնում Մադրիդյան սկզբունքներում ամրագրված՝ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապ հասկացությունը։

Գ. Բ. -Այստեղ զուտ տրիվիալ պատկերացում կա։ Այսինքն, դա Լաչինով Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային կապի առկայությունն է։

-Եթե համաձայնագրով ամրագրվի, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային կապը լինելու է միայն Լաչինի միջանցքով, Դուք դրան համաձայն կլինե՞ք։

Գ. Բ. -Եթե խոսքը գնա Լաչինի մասին,առհասարակ, առանց միջանցք ձևակերպման, ապա՝ այո։

Ա. Ք. -Բնականաբար, ես դա բոլորովին չեմ համարում մեզ համար բավարարող պայման։ Ի թիվս այլոց, սկսեմ ամենաներքևից՝ անձնական պատճառներից, քանի որ Քարվաճառի (ես կիրառում եմ բացառապես հայկական անվանումը, և ոչ թե Քելբաջար) քաղաքի բնակիչ եմ և բոլորովին չեմ պատրաստվում իմ բնակության վայրը, ազատագրված հայրենիքը հանձնել։

Գ. Բ. -Իմ խոսքը բացառապես Մադրիդյան սկզբունքների շրջանակներում պետք է դիտարկել և Քարվաճառ տալ, չտալու մասին խոսք չկա։

Ա. Ք. -Ձեր դիտարկումների տրամաբանության մեջ որևէ կերպ Քարվաճառի տարածքը չի ներառվում։ Կամ էլ պետք է ասեիք, որ Հայաստանի և Արցախի միջև անընդմեջ կապը Քարվաճառի և Բերձորի՝ նախկին Լաչինի տեսքով է։ Մեզ համար տարածքային ձևակերպումները խիստ արդիական են և ուղղակիորեն առնչվում են մեր ընտանիքների, մերձավորների, արյամբ ազատագրված սրբավայրերի անվտանգությանը։ Եթե խնդիրը դիտարկենք զուտ քաղաքական և քաղաքագիտական հարթություններում, ապա ես բացարձակապես չեմ ընկալում ցամաքային կապի մասին որևէ խոսակցություն: Այսօր ԼՂՀ-ն՝ սահմանադրորեն ամրագրված իր ողջ տարածքով սահմանակցում է Հայաստանի հանրապետության հետ։ Շատ եմ ցավում, որ Հայաստանի քաղաքական վերնախավի զգալի մասը նվազագույն իսկ պատկերացում չունի Արցախում առկա ռազմական, տարածքային, տնտեսական և ժողովրդագրական իրողությունների վերաբերյալ։ Երբ, օրինակի համար, խոսում նք 5 շրջան հանձնելու մասին, ապա մենք պետք է փաստենք, որ Գորիսից Կապան ընկած ճանապարհի որոշ հատված փոխանցում ենք Ադրբեջանի տարածքային վերահսկողության ներքո։ Կովսականի՝ նախկին Զանգելանի և Սանասարի՝ նախկին Ղուբաթլուի հանձնումը բերելու է նրան, որ Իրան-Հայաստան միջպետական մայրուղին գտվելու է ամբողջական շրջափակման անմիջական մշտական վտանգի առջև։ Ամեն վայրկյան Ադրբեջանը կարողանալու է այդ կապը կտրել։ Բացի դրանից, պետք է հաստատեմ մեկ այլ շատ կարևոր իրողություն։ Պատերազմական գործողությունների միջով անցած Արցախի և Սյունիքի ժողովուրդն այսօր այդ տարածքները դիտարկում է որպես իր անվտանգության բացարձակ և միակ իրական երաշխիք։ Հետևաբար, անգամ եթե Երևանի կողմից գործադրված քաղաքական, մինչև իսկ՝ ոստիկանական ճնշումներն Արցախում և Սյունիքում բերելու են ընդվզման ճնշմանը, ապա Արցախի բնակչության զգալի մասը հաշված ամիսների ընթացքում, դա մինչև անգամ իմ կատարած հարյուրավոր հարցումների հիման վրա եմ ասում, լքելու է հայրենիքը։ Խոսքը ոչ թե 10, 20 այլ 75%-ի մասին է։ Նույնը վերաբերում է Սյունիքին։ Ոչ մի կապանցի կամ մեղրեցի չի ցանկանա իր կյանքը վտանգի ենթարկել այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ սահմանը կրկին կանցնի Կապան քաղաքի կենտրոնից մոտովորապես 800 մ հեռավորությամբ։ Պետք է նաև նկատեմ, որ այս տարածքները մեծապես աջակցում են թե՛ Արցախի, թե՛ Սյունիքի գյուղատնտեսությանը։ Ուստի, այս տարածքների հանձնումը ոչ միայն ուղղակիորեն բերելու է անվտանգության անփոխարինելի երաշխիքների ջնջմանը, այլև՝ Արցախի և Սյունիքի գյուղատնտեսության կատարյալ սնանկացման։

Գ. Բ. -Անկեղծ ասած, Ձեր տեսակետները վառ երևակայության ժանրից են։

Ա. Ք. -Ձեր պատկերացումներն են վառ երևակայության ժանրից և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։

Գ.Բ. -Դուք ինչ-որ սցենարներ եք քննարկում, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Մենք կարող ենք քննարկել ամենավատատեսական սցենարները, որոնց հավանականությունը ձգտում է 0-ի կամ ընդհանրապես գոյություն չունի։ Բայց եկեք վերադառնանք Մադրիդյան սկզբունքների իրողություններին, որոնք այսօր կան, և ընդհանրապես՝ այսօր ձևավորված իրավիճակին։ Փորձենք հասկանալ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման այս բանակցային գործընթացի արդյունքը կամ այդ փոխզիջումը ո՞րն է։ Այսինքն, Դուք ելնում եք «ո՛չ մի թիզ հող» կոնցեպտից, որը, ըստ էության, այսօր լուծում չէ։ Դա տանելու է կոնֆլիկտի էսկալացիայի, փակուղային վիճակների, և, բնականաբար, և՛ միջազգային հանրությունը, և՛ հայ հասարակությունը հասկանում են, որ դա լուծում չէ։ «Ստատուս քվոյի» ճանապարհը, բոլորիս պարզ է, արդեն իրեն սպառել է։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է փոխզիջումը։ Ես ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը։ Փաստորեն, ստացվում է, որ երկրի ղեկավարները 15 տարի հավաքվել են, դեսից-դենից զրուցել են և կոնկրետ ոչ մի հարց չեն քննարկել։ Ո՞րն է լուծումը, խնդրեմ՝ առաջարկե՛ք։

Ա. Ք. Միակ լուծումը, որը Հայաստանի համար կարող է լինել իրապաշտական՝ դա Հայաստանի և վերջինիս անօտարելի մաս կազմող Արցախի անվտանգության բացարձակ ապահովումն է։ Դրանից ավելի մեծ գերակա արժեք չկա։ Նախ, մենք պնդում ենք, որ միանգամայն ի վիճակի ենք մեր ռեսուրսների հաշվին, միջազգային նորմերի սահմաններում, պահպանել և ամրապնդել մեր անվտանգությունը։ Բացի դրանից, Դուք ելնում եք այն տեսական ենթադրություններից, որ Ադրբեջանն ու Թուրքիան, թեկուզև միջնաժամկետ կտրվածքով, պատրաստ են տարածաշրջանում հանդուրժել Հայոց պետականության գոյությունը։ Ցավոք սրտի, սակայն, միակ իրողությունն այն է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանն այսօր, հանրային մտայնության խորքային անհանդուրժողականությամբ, ամենաբարձր քաղաքական էլիտայի մակարդակով անգամ, պատրաստ չեն հանդուրժել Հայոց պետականությունը։

Գ. Բ. -Հարցս փոխզիջմանն էր վերաբերում...

Ա. Ք. - Փորձեմ Ձեզ համար իրավիճակը մեկնաբանել այլ տեսանկյունից։ Պատերազմը կանգնեցվել է կիսավարտ փուլում։ Այսինքն, այո՛, մենք Ադրբեջանին խոշոր ռազմական պարտություն ենք հասցրել, սակայն մենք Ադրբեջանին չմատնեցինք համակարգային պարտության։ Հետևաբար, անկախ մեր խաղաղասիրական կամքից, ինքնամոռաց պացիֆիզմից և պատմաաշխարհաքաղաքական օրինաչափությունների ամբարտավան անտեսումից, Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիան անխուսափելի է։ Դա այդ պետության և առհասարակ թուրքական աշխարհի գոյութենական հրամայականն է: Կատարելով տարածքային նվազագույն զիջում, դուք ամբողջապես կործանում եք ծանրագույն զոհողությունների, այդ թվում՝ հազարավոր հայրենակիցների կենաց գնով կայացած Հայաստանի պաշտպանական ողջ համակարգը. կործանում եք այն միակ երաշխիքը, որի շնորհիվ ցայսօր ռազմական գործողությունները չեն վերսկսվել։ Ուստի որևէ տարածքային զիջում անհանդուրժելի հանցավոր ոտնձգություն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքի նկատմամբ:

-Ձեր պատկերացրած լուծումը ո՞րն է։

Ա. Ք. -Բոլոր վերջին ճնշումները, որոնք գործադրվում են Հայաստանի նկատմամբ, հիմնականում հետևանք են արցախյան և հայ-թուրքական խնդիրներում ներկայիս վարչախմբի ցուցաբերած կամավոր նախաձեռնողականության։ Հետևաբար, դրա հիմնական պատասխանատուն Հայաստանի ներկայիս վարչախումբն է՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի։ Մենք ունենք խնդիրն այլ հարթություն փոխադրելու ընդարձակ ռեսուրսներ։ Մենք կարող ենք ամրագրել, որ մեր անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունն այլընտրանք չունեն։ Տարածաշրջանում կայունությունը կարող է պահպանվել միայն ներկայիս ռազմաքաղաքական իրողությունների խստագույն և անվերապահ պահպանմամբ։ Լուծումը՝ մենք պետք է վերաբնակեցնենք ազատագրված տարածքները, պետք է փոխենք երկրի ներսում տիրող մեծապես անառողջ մթնոլորտը և պատրաստվենք դիմակայելու Հայաստանին սպասվող նոր, սպառնաշատ մարտահրավերներին։ Այն հանգամանքը, որ 15 տարի Հայաստանի հանդեպ չեն կիրառվել անհաղթահարելի ճնշումներ, վկայում է, որ գերտերությունները պատրաստ են ներքին կարգով հաշտվելու «ստատուս քվոյի» պահպանմանը։ Պարզապես, մենք պետք է ուժ և վճռականություն ցուցաբերենք՝ թշվառաբար անձնատուր չլինելու թուրքական շրջապատին: Մեր տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է միայն ռազմաքաղաքական կայուն փոխհավասարակշռության պահպանման դեպքում: Այն օրը, երբ Դուք սեփական անվտանգությունն ապահովելու գործառույթը վստահեք միջազգային հանրության հոգածությանը և աշխարհի որևիցե անկյունում որևէ մեկին փրկել չկամեցած խաղաղապահներին և թղթե երաշխիքներին, ապա այդ նույն օրը մենք կկորցնենք Հայաստանը: Միջազգային ճնշումները Հայաստանի վրա անընդմեջ աճելու են մեր ներկայիս ղեկավարության միակողմանի կործանարար զիջումներով խնդիրը հանգուցալուծելու անհեթեթ հույսի համեմատ: Եվ վերջին դիտարկումը. քանի որ մեր տարածաշրջանում չկա որևէ գերտերության բացարձակ գերակայություն, ապա ստեղծվում են դիվանագիտական ճկունություն դրսևորելու շատ լայն հնարավորություններ: Ցավոք, Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած, Ռոբերտ Քոչորյանի՝ մասամբ, և Սերժ Սարգսյանի աշակերտաբարո հավատարմությամբ վերընձյուղված արտաքին քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Բարեբախտաբար այս ի սկզբանե մեռելածին, անիրապաշտական և ձախորդ քաղաքականությունը դատապարտված է անփառունակ և սնանկ վախճանի։

Գ. Բ. -Անկեղծ ասած, ես ակնկալում էի շատ կոնկրետ պատասխան, որը չստացա։ Եթե մենք խոսում ենք հիմնահարցի լուծման մասին, ապա շատ հստակ մեխանիզմներ պետք է առաջարկվեն։ Վերադառնալով Ձեր դիտարկմանը՝ ասեմ, որ հանրապետության նախագահը որևէ անգամ և որևէ պարագայում Ձեր նշած խնդիրները, որոնք Դուք շատ գեղեցիկ ձևով փաթեթավորեցիք, կասկածի տակ չի դրել։ Հայ-թուրքական հարաբերությունների առումով բազմիցս եղել են հայտարարություններ, որ դա ԼՂ հիմնահարցի հետ որևէ առնչություն չունի և այլն... Այսինքն, այն, ինչի մասին որ Դուք խոսեցիք, մամուլի հրապարակումների ժանրից էր, և կարծում եմ, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Գիտեք ինչ՝ կարելի է դատողությունների մեջ լինել ծայրահեղ, կարելի է տալ գնահատականներ՝ հնչեցնելով տագնապի շեփոր։ Ես այդ ամենն ընկալում եմ։ Բայց այդ ամենը կոնստրուկտիվ դաշտից տեղափոխել դեստրուկտիվ դաշտ և համարել, որ սա է ու վերջ, դա ընդհանրապես խնդրի լուծման առումով լուրջ կասկածի տակ է դնելու Հայաստանի դիրքորոշումը։ Աշխարհն էլ չի հասկանա, թե, ի վերջո, 15 տարի մենք ի՛նչ էինք անում։ Այսօր աշխարհը չի հասկանում Թուրքիային և Ադրբեջանին։ Եվ այդ չհասկանալուց օգտվելը, դիվիդենտներ քաղելը շատ ավելի շահեկան է Հայաստանի համար։ Նորից եմ կրկնում՝ Ալիևի այս կեցվածքը, ջղաձիգ վիճակն ու անհավասարակշռությունը տեղիք են տալիս եզրահանգելու, որ Մադրիդյան սկզբունքների մեջ կան դրույթներ, որոնք էապես հակասում են Ադրբեջանի շահերին։

-Իսկ միգուցե Ալիևը դերասանությո՞ւն է անում։ Կամ ինչու՞ ենք մենք Ալիևի ասածներից ելնելով գնահատում իրավիճակը։

Գ. Բ. -Դերասանությունն այստեղ այդքան էլ տեղին չէ։ Ես նայել եմ «Вести»-ին տված նրա հարցազրույցը, որտեղ Ալիևն առաջին անգամ խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի կենսական շահերը վտանգող դրույթ կա, և դա, ըստ իս, հենց Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող դրույթն է։ Վստահ եմ, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակն ու հանրաքվեի վերաբերյալ դրույթները Հայաստանի համար շահեկան են։ Ես կցանկանայի, որ մեր զրույցը ծավալվեր ավելի առարկայական տիրույթում։ Ձեր գնահատականները հետաքրքիր էին, բայց դրանք ավելի շատ ծայրահեղական էին...

Ա. Ք.-Միգուցե՝ Ձե՞ր ականջի համար են ծայրահեղական...

-Նախորդ տարի Մադրիդյան սկզբունքների հիման վրա ստորագրվեց Մայնդորֆյան համաձայնագիրը։ Որքանո՞վ է հնարավոր, որ Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ ստորագրվի։

Գ. Բ. -Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը՝ կարծում եմ, որ որևէ փաստաթղթի ստորագրում չի լինի, առավել ևս՝ որ ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ապակառուցողական դրսևորումները հանգեցնում են նրան, որ այսօր այս երկու երկրները պատրաստ չեն կառուցողական երկխոսության։ Դա նշանակում է, որ մեր լավատեսական ակնկալիքները, թե Ադրբեջանն ու Թուրքիան, ի վերջո, հանդես կգան կառուցողական դիրքերից՝ ի չիք են դառնում։ Հասկանալի է, որ Ռուսաստանը կփորձի այս իրավիճակից որոշակի օգուտներ քաղել, սակայն վստահ եմ, որ Մոսկվայում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի։

Ա. Ք. -Ես կիսում եմ այս տեսակետը, որ հուլիսի 17-ին սակավ հավանական է շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Սակայն նույն լավատեսությունը չեմ կարող դրսևորել մինչև տարեվերջն ընկած ժամանակահատվածի համար։ Կարծում եմ, որ Հայաստանում և Արցախում Մադրիդյան սկզբունքների յուրաքանչյուր բաղադրիչի նկատմամբ հետզհետե ավելի հստակ ձևակերպվող արմատական հակադարձությունները թույլ չեն տալու Սերժ Սարգսյանին՝ ստորագրել որևէ, անգամ նախնական համաձայնագիր։ Ես կոչ եմ անում և քրիստոնեաբար մաղթում նախագահին՝ զերծ մնալ նման արկածախնդիր նախաձեռնողականությունից...

Գ.Բ. -Մաղթել պետք չէ, պետք է ուղղակի վստահ լինել, որ հանրապետության նախագահը չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ազգի, հայոց պետականության շահերից։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

 


Ключевые слова: переговоры

Читайте также:
Դիտումներ Просмотров: 2205 | Ավելացրել է Добавил: vaykuneci | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com