Երկուշաբթի, 25.09.2017, 13:42
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հարցածրույցներ Интервью

«Մադրիդյան սկզբունքները չեն կարող ընդունելի լինել ԼՂՀ-ի համար, որովհետեւ դրանց մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել»
08.12.2009

M-Harutyunyan_8.11.09Հարցազրույց Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, Արցախի պետհամալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի հետ

1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը քվեարկեց անկախ պետականության օգտին: Այդ հանրաքվեն, փաստորեն, դարձավ ԼՂՀ-ի անկախացման գործընթացի եզրափակիչ ակտը:

ԼՂՀ անկախության գործընթացն ունեցել է մի քանի փուլ: Առաջին փուլի սկիզբը կարելի է համարել 1988 թ. փետրվարի 20-ի պատմական որոշումը, որին այնուհետեւ հաջորդեց հուլիսի 12-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին: 1991 թ. սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզխորհրդի եւ Շահումյանի շրջխորհրդի համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ի տարածքում գործելու էին ԽՍՀՄ այն օրենքները, որոնք չէին հակասում ընդունված հչակագրի սկզբունքներին: Սա նշանակում է, որ ԼՂ-ն մնաց ԽՍՀՄ կազմում եւ բարձրացրեց իր կարգավիճակն արդեն հանրապետության աստիճանի:  1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց ԼՂՀ-ի անկախության օգտին: Իսկ ահա եզրափակիչ ակտը 1992-ի հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նստաշրջանում ԼՂՀ-ի պետական անկախության մասին հռչակագրի եւ հունվարի 8-ին «ԼՂՀ պետական անկախության հիմքերի մասին» ԼՂՀ սահմանադրական օրենքի ընդունումն էր: Դեկտեմբերի 10-ը պատահական չէր ընտրված: Այն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, իսկ արցախահայության պայքարը հենց մարդու իրավունքների համար էր:

Պրն Հարությունյան, հասարակության մի որոշ մասը, թերեւս, լավ չի պատկերացնում ԼՂԻՄ մարզխորհրդի եւ Շահումյանի շրջխորհրդի սեպտեմբերի 2-ին կայացրած համատեղ որոշման ու դեկտեմբերի 10-ի ժողովրդական հանրաքվեի տարբերությունը: Փաստորեն, սրանցից առաջինը ԼՂ-ի` Ադրբեջանի կազմից, իսկ երկրորդը` ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշումներ էին:

Շատ ճիշտ նկատեցիք: Այստեղ նրբություններ կան: Ինչպես նշեցի, Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ը դուրս է եկել 1988-ի հուլիսի 12-ի որոշմամբ, այսինքն` սեպտեմբերի 2-ից ավելի վաղ: Սեպտեմբերի 2-ն ուղղակի թելադրված էր այն զարգացումներով, որոնք տեղ գտան այդ թվականին: Մասնավորապես, խոսքը Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից 1991-ի օգոստոսի 30-ին անկախության հռչակման մասին է: Հայտնի է, որ 1990-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքով սահմանված էր Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգը, ըստ որի` ԽՍՀՄ-ից դուրս եկող հանրապետության կազմում ընդգրկված ինքնավար կազմավորումը լիուլի իրավունք էր ստանում ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, այն է` դուրս է գալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության կազմում, մնում է ԽՍՀՄ-ի մեջ, հռչակում է իր անկախ գոյությունը ԽՍՀՄ-ից եւ միութենական հանրապետությունից դուրս: Այն ժամանակ, իհարկե, անկախ կարգավիճակի մասին իրական չէր խոսելը, որովհետեւ անկախություն ձեռք բերելու խնդիր ունեին հենց միութենական հանրապետությունները: Այս տեսակետից իրական էր Խորհրդային Միության կազմում մնալու որոշումը, որն, ինչպես վերը նշեցի, արտահայտվեց նրանով, որ ԽՍՀՄ օրենսդրությունն էր հռչակվում գերակա: Այս առումով սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի կամարտահայտման մի դրսեւորում էր, որը կարող ենք այսպես մեկնաբանել. ժողովուրդը Ադրբեջանի հետ դուրս չեկավ ԽՍՀՄ կազմից, այլ մնաց վերջինիս կազմում` հետագայում ինքնուրույնաբար որոշելու իր կարգավիճակը: Իսկ արդեն դեկտեմբերի 10-ին հանրաքվե անցկացվեց անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: Դա արվեց ճիշտ ժամանակին, քանի որ դեկտեմբերի 8-ին Բելովեժյան թավուտում երեք սլավոնական հանրապետությունները հայտարարել էին ԽՍՀՄ-ի` որպես իրավաքաղաքական իրողության լուծարման եւ նոր միավորման` ԱՊՀ-ի ստեղծման մասին:

Այսինքն` իրավաբանորեն սկսված էր ԽՍՀՄ փլուզումը, որն ավարտվեց դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում` նախկին միութենական հանրապետությունների համատեղ ամրագրմամբ: Ահա այս գործընթացի համատեքստում մենք պետք է դիտարկենք ԼՂՀ-ի հռչակումը, ձեւավորումը, կազմավորումը: Ակներեւաբար ԼՂՀ-ն առաջացավ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի` երկու հանրապետությունների տրոհման արդյունքում, երբ վերջինիս տարածքում առաջացան Ադրբեջանի Հանրապետությունը եւ ԼՂՀ-ն: Ցավոք, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մենք չկարողացանք հասնել նրան, որ համահավասարության սկզբունքով ճանաչվի նաեւ ԼՂՀ-ն, որովհետեւ, օրինակ, Արեւմուտքը, միջազգային հանրությունը, ի հեճուկս արդբեջանցիների կողմից խորհրդային իրավական ժառանգությունից հրաժարվելու որոշման, ճանաչեցին խորհրդային հանրապետությունները իրենց նախկին սահմաններով: Սա շատ անտրամաբանական քայլ էր, քանի որ Ադրբեջանը, հրաժարվելով խորհրդային իրավահաջորդությունից, հռչակել էր 1918-20 թթ. Ադրբեջանի վերականգնման մասին, որը, ինչպես գիտենք, իր կարճատեւ գոյության ընթացքում դե յուրե չի ճանաչվել եւ վերահսկելի ու օրինական սահմաններ երբեք էլ չի ունեցել: Արեւմուտքի քայլը ոմանք բացատրում են նրանով, որ վերջինս չէր ուզում հետխորհրդային տարածքում ավելի խորացնել միջէթնիկական հակամարտությունները: Ամեն դեպքում, ԼՂՀ-ի այն ժամանակվա իշխանությունների, օրենսդիրների գործողությունները միջազգային իրավունքի տեսակետից անբասիր են եւ որեւէ առարկության ենթակա չեն:

Նշեցիք, որ ԼՂ-ն իրականում Ադրբեջանից ինքնորոշվել է դեռեւս 1988-ի հուլիսի 12-ին: Բայց արդյոք դա չէ՞ր հակասում ԽՍՀՄ օրենսդրությանը: Այսնիքն` կարո՞ղ էր ԼՂԻՄ-ը դուրս գալ Ադրբեջանի կազմից, եթե վերջինս մնար ԽՍՀՄ-ում:

Իհարկե, ԽՍՀՄ օրենսդրությունը նման բան չէր նախատեսում, ընդհակառակը` տարածքային վարչական փոփոխությունները կատարվում էին երկու հանրապետությունների համաձայնությամբ, որից էլ վարպետորեն օգտվեցին Ադրբեջանում եւ կտրականապես դեմ հանդես եկան, այլապես կարելի էր հենց ԽՍՀՄ սահմաններում առանց որեւէ բարդությունների լուծել ԼՂԻՄ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի միավորման հարցը:

Նշեմ, որ 1988-91 թթ. յուրօրինակ օրենսդրական պայքար էր ընթանում: Հակասական շատ որոշումներ են ընդունվել: Պատահական չէ, որ 1991 թ. նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ Սահմանադրական վերահսկողության կոմիտեն հատուկ քննարկման առարկա դարձրեց ԼՂԻՄ-ի վերաբերյալ Հայկական ու Ադրբեջանական ԽՍՀ-ների որոշումների օրինականության հարցը: Քննարկումների, ստուգումների արդյունքում արձանագրվեց, որ այդ որոշումները չեն համապատասխանում Սահմանադրությանը, լեգիտիմ չեն: Բայց, ի ուրախություն մեզ, ոչ մի խոսք չկար ԼՂԻՄ իշխանությունների ընդունած որոշումների մասին: Հետեւաբար, ԽՍՀՄ գործող օրենսդրության տեսանկյունից ԼՂԻՄ որոշումները անվավեր չեն ճանաչվել: Այսինքն` հուլիսի 12-ի որոշումը թեեւ Ադրբեջանի կողմից չի ընդունվել, բայց ԽՍՀՄ օրենսդրական չափանիշներին համապատասխան ու օրինական է:

Հնարավո՞ր է, որ Սահմանադրական վերահսկողության կոմիտեն պարզապես անտեսել է ԼՂԻՄ իշխանությունների որոշումները եւ չի անդրադարձել դրանց:

Չեմ կարծում, թե անտեսել է, որովհետեւ վերջին հաշվով դրանք Խորհրդային Միության սուբյեկտներից մեկի օրենսդիր մարմնի ընդունած որոշումներն են, եւ եթե  դրանք հակասեին Սահմանդրությանը, բնականաբար, պետք է արժանանային նաեւ վերահսկող կոմիտեի ուշադրությանն ու քննադատությանը: Սա պնդում ենք` հիմք ընդունելով այն կարեւոր փաստը, որ ԼՂԻՄ-ում ժամանակի թելադրանքով ընդունված որոշումներում ամեն ինչ մանրակրկիտ ձեւով մշակվել է: Նշեմ, որ այդ աշխատանքներում ընդգկրվել են ոչ միայն ԼՂ-ի լավագույն իրավաբանները:

Անկախության հանրաքվեից 15 տարի անց` 2006-ի դեկտեմբերի 10-ին, ԼՂՀ-ում կրկին անցկացվեց հանրաքվե, այս անգամ` Սահմանադրության: Ու վերստին արծարծվեց ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության հարցը:

Սահմանադրության հանրաքվեն ավելին էր, քան անկախ ու ինքնիշխան գոյության վերահաստատումը: Դրանով մեր ժողովուրդը մի շարք կարեւոր հանգամանքներ փաստեց: Ինձ համար, օրինակ, ամենակարեւորն այն էր, որ մեր Սահմանադրությամբ ամրագրվում էր ինչպես ԼՂՀ կարգավիճակը, այնպես էլ ԼՂՀ տարածքների հաստատագրումը, որոնք երբեք սակարկության առարկա չպետք է դառնան: Եթե հիշում եք, այդ ժամանակ միջազգային միջնորդները, դիտորդները եւ այլ շահագրգիռ կազմակերպություններ  բազմիցս արծարծում էին նորից հանրաքվե անցկացնելու հարցը: 2006-ի հանրաքվեն մի յուրօրինակ պատասխան էր այդ առաջարկներին, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երկրորդ անգամ հանրաքվե է անում եւ դրսից պարտադրված հանրաքվեի կարիքը չունի: Բացի այդ` 15 տարում նոր սերունդ էր ձեւավորվել: Պետք էր, որ այդ սերունդը եւս իր վճռականությունը արտահայտեր անկախությունը կերտելու հարցին: Եվ վերջապես մեր ժողովուրդը մեկ անգամ եւս փաստեց, որ համազգային խնդիրների շուրջ պատրաստ է համախմբվել, միակամ հանդես գալ: Դա մեր միասնականության, վճռականության ու անպարտելիության մի հրաշալի ցույց էր, որը, կարծում եմ, պետք է որ շատ բան հուշած լինի ինչպես միջազգային միջնորդներին, այնպես էլ հոխորտացող մեր անմիջական հարեւանին:

ԼՂՀ-ն ձգտում է միջազգային ճանաչման: Առաջին քայլը, բնականաբար, կարող է անել ՀՀ-ն: Հայաստանի իշխանությունների հավաստմամբ` իրենք այդ քայլին չեն գնում` բանակցությունները փակուղի չմտցնելու համար: Սակայն վերջերս ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հայտարարեց, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կարող է, մասնավորապես, դե յուրե ճանաչել ԼՂՀ-ն ու նրա հետ փոխօգնության պայմանագիր ստորագրել: Որքանո՞վ եք իրականանալի համարում նման տարբերակը:

Իմ կարծիքով` Հայաստանը հապաղում է ԼՂՀ  անկախությունը ճանաչելու հարցում: Եթե ճանաչման գործընթացը ՀՀ-ն փորձում  է ընթացքավորել ավելի շահեկան  իրադրությունում, որն իսկապես կարող  է նպաստել ԼՂՀ-ի իրավական ճանաչմանը, ապա փոխօգնության պայմանագիրը, կարծում եմ, պետք է կնքել անհապաղ: Թեկուզ հենց ՀՀ-ից ԼՂՀ-ում կամավոր ծառայության մտնող զինծառայողների իրավական կարգավիճակը հստակեցնելու առումով: Այդ պայմանագրի ստորագրումը օրվա հրամայական է, ինչը թույլ կտա իրավական հիմքերի վրա դնել ՀՀ-ի` որպես ԼՂՀ-ի երաշխավորի ու միջազգային ատյաններում նրա շահերի պաշտպանի կարգավիճակը: Երկրորդ. ինձ թվում է` այդ պայմանագրից հետո Ադրբեջանն ավելի զուսպ կլինի իր ռազմական նկրտումներում, հոխորտանքներում, որովհետեւ արդեն կգիտակցի, որ իրավական հիմքերի վրա են դրված ՀՀ-ԼՂՀ փոխօգնության եւ երաշխավորի հարաբերությունները: Սա շատ կարեւոր է: Որպես պատմաբան` կարող եմ վկայել, որ մենք բազմիցս ուշացրել ենք իրողությունները իրավականորեն ամրապնդելը: Ի±նչն է այսօր մեզ խանգարում, որ մենք իրավական հիմքերի վրա դնենք մեր փոխհարաբերությունները:

Ենթադրենք` ՀՀ-ն վաղը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, ու փոխհարաբերությունները ստանում են իրավական հիմք: Այդ պարագայում բանակցային սեղանի շուրջ նստած Ադրբեջանի ու միջազգային հանրության մոտ, ըստ էության, հարց է ծագում, թե ինչի շուրջ պետք է բանակցի հայկական կողմը:

Հարցի ենթատեքստը հասկանալի է: Նախ նշենք, որ ՀՀ-ն գնում է Ադրբեջանի հետ բանակցելու քայլին, քանի որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման խնդիր ունի: Ի դեպ, դրանք ես ոչ թե բանակցություններ, այլ խորհրդատվություններ կանվանեի, որովհետեւ բանակցություն կարող է լինել միայն լրիվ ձեւաչափով տեղի ունեցող գործընթացը, որում ընդգրկված կլինեն նաեւ ԼՂՀ ներկայացուցիչները: Հայկական կողմի գլխավոր մտահոգությունն Ադրբեջանի առանց այն էլ ռազմատենչ քաղաքականությունն ու տարածաշրջանը ապակայունացնող գործողությունները մեղմելն է: Բայց արի ու տես, որ նման ագրեսիվ նկրտումներով պետությունը` Ադրբեջանը, անընդհատ փորձում է ստեղծել Լեռնային Ղարաբաղի բացասական կերպարը` իբրեւ տարածաշրջանային համագործակցությունը խոչընդոտող ու խաղաղությանը սպառնացող գործոն: Մինչդեռ իրավիճակը հակառակն է: Հենց Ադրբեջանն է իր ապակառուցողական, ագրեսիվ ձգտումներով անընդհատ ստեղծում սպառնալիք, լարվածության օջախ, եւ այս տեսակետից ԼՂՀ-ի գոյությունն ու նրա միջազգային ճանաչումը ավելի հուսալի կդարձնեն տարածաշրջանային անվտանգությունն ու կերկարաձգեն խաղաղությունը, այսինքն` զսպող գործոն կլինեն Ադրբեջանի համար:

Այժմ նրա մասին, թե ինչի շուրջ պետք է բանակցեն կողմերը: Իմ խորին համոզմամբ` բանակցությունների թեմա պետք է դառնան հենց Ադրբեջանի կողմից հայկական տարածքների, օրինակ` Նախիջեւանի օկուպացման վերացումը, ԼՂՀ երբեմնի տարածքների վերադարձումը, դրանցում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանությունը, այդ հայկական բնակավայրերում ադրբեջանցիների վերաբնակեցման դադարեցումը, ՀՀ-ի անքակտելի մասը կազմող Արծվաշենի վերադարձումը, Ադրբեջանական ԽՍՀ-ից մոտ կես մլն հայ փախստականներին ու բռնի տեղահանվածներին հասցված բարոյական ու նյութական վնասների փոխհատուցումը եւ բոլոր այն հիմնախնդիրները, որոնք տարածաշրջանի առաջ ծառացել են հենց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ու սանձազերծած պատերազմի հետեւանքով: Այս ամենը Ադրբեջանն իր ակտիվ ու կեղծ քարոզչությամբ կարողանում է քողարկել, մոռացության մատնել եւ անընդհատ մարդկանց ուղեղները զոմբիացնել իր ստահոդ պահանջներով ու քարոզչությամբ: Այսինքն` այսօր մեր դիվանագիտության խնդիրը պետք է լինի Ադրբեջանին` որպես խաղաղությանը սպառնացող ու ահաբեկչությանը հովանավորող պետության, խաղաղասիրական տրամադրություններ ներարկելը կամ, եթե կուզեք, խաղաղություն պարտադրելը, բայց ոչ երբեք նրան զիջումներ անելու ճանապարհով: Որովհետեւ, ինչպես ցույց է տվել պատմական փորձը, Ադրբեջանը միշտ էլ մի հանցանքի ներումն օգտագործել է ի չարս ու ավելին է պահանջել, ավելի սանձարձակ է դարձել:

Պրն Հարությունյան, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում էական կողմը` ԼՂՀ-ն, դիտորդի կարգավիճակում է: Արդյո՞ք ժամանակին ՀՀ իշխանությունները սխալ չգործեցին, երբ զիջեցին Ադրբեջանի բոյկոտներին ղարաբաղյան կողմի մասնակցության առիթով ու նաեւ ստանձնեցին արցախահայության անունից հանդես գալու դերը:

Թող հակասական չթվա, բայց ինձ համար ավելի գերադասելի է այս վիճակը, երբ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին: Ինչո՞ւ: Իմ գնահատմամբ` բանակցային գործընթացը ոչ ճիշտ ուղիով է ընթանում, որի պատճառը ՀՀ առաջին իշխանությունների վարած արտաքին սխալ քաղաքականությունն է, ինչի պտուղները մենք այսօր քաղում ենք: Այս տեսակետից ես նույնիսկ կարող եմ բարեբախտություն համարել, որ այդ սխալ գործընթացում ԼՂՀ-ն չկա: Մենք պետք է միայն ամրագրենք, որ առանց ԼՂՀ-ի համաձայնության որեւէ որոշում վերջինիս մասին չի կարող ընդունվել եւ կիրառվել: Բարեբախտաբար, այս մասին բազմիցս հայտարարել են նաեւ ՀՀ իշխանությունները, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ: Գոնե սա մխիթարություն է, որ վերջնական խոսքը ԼՂՀ ժողովրդինն է, ինչը տրամաբանական է: Կարծում եմ` ԼՂՀ ժողովուրդն ու նրա ընտրյալ իշխանությունները երբեք չեն համաձայնվի այնպիսի պայմանավորվածությունների, որոնք վնասում են մեր կենսական շահերը, սպառնում մեր անվտանգությանն ու հակասում Սահմանադրությանը:

Սակայն այսօր ԼՂ խնդրի կարգավորումն ընթանում է մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հայաստանի իշխանությունները եւ անձամբ Սերժ Սարգսյանը նշել են, որ սկզբունքների կետերից մեկն էլ ազատագրված տարածքների կամ «անվտանգության գոտու» վերադարձն է Ադրբեջանին, այնինչ ԼՂՀ-ի ներկայիս տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, ինչի մասին իր հերթին շեշտել է ԼՂՀ նախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասությունները:

Նախ միշտ պետք է նկատի ունենանք, որ 2006-ին ԼՂՀ Սահմանադրությունն ընդունելուց հետո «անվտանգության գոտի» հասկացությունը վերացել է: Մենք այսօր ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկապտելի տարածքներ, որոնց մասին չգիտեմ ինչ խոսակցություններ են գնում: Եթե խոսվում է ԼՂՀ-ի շուրջ տարածքների մասին, ապա, թույլ տվեք կեսկատակ-կեսլուրջ ասել, որ որպես այդպիսին ես հասկանում եմ Իրանի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանամերձ շրջանները: Իսկ ավելի լուրջ` պետք է նկատի ունենանք, որ մադրիդյան սկզբունքները չեն կարող ընդունելի լինել ԼՂՀ-ի համար, որովհետեւ դրանց մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել: Դա մեկ:

Երկրորդ. ուզում եմ հուսալ, որ դրանք ընդամենը սկզբունքներ են, որոնք ճիշտ դիվանագիտության միջոցով հետագա զարգացում չեն ապրելու եւ հատկապես այն դրույթները, որոնք հակասում են մեր շահերին, չեն գտնելու իրենց գործնական կիրառությունը: Ըստ իս` Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը նույնիսկ թույլ չի տալու, որ համաձայնություն ձեռք բերվի այդ սկզբունքների շուրջ: Մնում է հուսալ, որ եւ’ միջնորդները, եւ’ տարածաշրջանում իրենց շահերն ունեցող պետությունները կհասկանան, որ ժամանակն է ավելի իրատեսական սկզբունքներ առաջադրելու: Ընդ որում` դրանք չպետք է նախկինի նման ագրեսորի` Ադրբեջանի ու պաշտպանվողի` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ հավասարության սկզբունքի վրա հենվեն: ԽՍՀՄ ժամանակներից եկող պարիտետի` հավասարության այդ քաղաքականությունը միշտ էլ ավելի է լկտիացրել ադրբեջանական կողմին, նրան դարձրել ավելի կարծր, խրախուսել խոսել ուժի, սպառնալիքների դիրքերից:

Պետք է նաեւ, որ միջնորդները հրաժարվեն  երկակի ստանդարտներից: Եթե աշխարհում  ընդունելի է ժողովուրդների ինքնորոշման  իրավունքը, ապա միջազգային հանրությունը պետք է բարի լինի հարգելու այն: Վերջինս  նաեւ չպետք է գնա կեղծիքներին տուրք տալու ճանապարհով: Խոսքս Ադրբեջանի այն քարոզչության մասին է, որը փորձում է հակամարտությունը խեղաթյուրել` հրելով այն տարածքային վեճի ու Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության հունի մեջ: Փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԼՂ հիմնախնդիրը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: ԼՂՀ-ն կայացել է Ադրբեջանին իրավաբանորեն չպատկանող տարածքներում: Երբ 1992-ի մարտին Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի անդամ ու ճանաչվեց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ԼՂ-ն փաստացի ու իրավաբանորեն չէր մտնում նրա կազմի մեջ: Այդ տարածքները իրավաբանորեն Ադրբեջանինը չէին նաեւ այն ժամանակ, երբ հռչակվեց ու սկսեց ձեւավորվել ԼՂՀ-ն:

Փաստացի ու իրավաբանորեն Ադրբեջանին չպատկանող տարածքներ ասելով` ի նկատի ունեք ԼՂԻՄ-ի՞ տարածքը, թե՞  ներկայիս ԼՂՀ-ի:

Եթե խոսում ենք ԼՂՀ ձեւավորման սկզբնական փուլի մասին, ապա պետք է նկատի  ունենանք նախկին ԼՂԻՄ-ը եւ Շահումյանի շրջանը, որոնց հիման վրա էլ կազմավորվել  է ԼՂՀ-ն: Իսկ ինչ վերաբերում է  Ադրբեջանի ագրեսիայի հետմղման արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից ազատագրված նախկին Լեռնային Ղարաբաղի տարածքներին, ապա դրանք եւս իրավաբանորեն Ադրբեջանինը չեն կարող լինել, որովհետեւ Լեռնային Ղարաբաղ հասկացությունը շատ ավելի լայն է, քան է ԼՂԻՄ-ը եւ Շահումյանի շրջանը: Պարզաբանեմ. ԼՂ-ն Ադրբեջանի կազմում հայտնվեց 1921-ի Կովբյորոյի որոշմամբ: Դրանում հստակ ֆիքսված է` Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղը, որը ամենեւին էլ ԼՂԻՄ-ը չէր, այլ ամբողջ տարածաշրջանը: Բոլշեւիկները մահմեդականների սիրտը շահելու խնդիր ունեին` արեւելքում պրոլետարական հեղափոխություն իրականացնելու զառանցանքների հետ կապված: Եվ ահա Ադրբեջանը, օգտվելով դրանից, կամայականորեն ԼՂ-ից կտրեց բուն հայկական տարածքներ ու ստեղծեց ԼՂԻՄ կոչեցյալը, ինչը չի կարող միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական լինել: Այսինքն` Պաշտպանության բանակը, որը ճնշում էր ադրբեջանական կրակակետերը, վնասազերծում էր թշնամու հենակետերը, երբեք դուրս չի եկել ԼՂ-ից: Ասել է թե` մի կողմից` վերականգնվել է պատմական արդարությունը, մյուս կողմից` ԼՂ-ի մի մասը իրավաբանորեն վերադարձված է իրական տերերին` արցախահայությանը:

Հայ-թուրքական գործընթացը, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂ խնդրի կարգավորման հարցում:

Ինչպես բազմիցս հայտարարվել է, ԼՂ հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները լրիվ տարբեր գործընթացներ են: Կարծում  եմ` այսօր մեծ իմաստով չկա հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման խնդիր: Այսօր օրակարգի հարցը պետք է լինի Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Թուրքիան է 1993-ին փակել սահմանը եւ հիմա պիտի բարի լինի բացել այն:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, առեւտրատնտեսական փոխհարաբերությունների զարգացումը եւ արձանագրություններում ներկայացված մյուս գործընթացները, չեմ կարծում, թե որեւէ վնաս կտան, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ինչպես ՀՀ իշխանություններն են համոզված, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը, ընդհակառակը, կարող է որոշակիորեն մեղմել այն լարվածությունը, որը կա այս երկու պետությունների միջեւ: Թեեւ որպես հայ-թուրքական հարաբերություններին քաջատեղյակ անձնավորություն` ինձ թվում է, որ մենք առավելագույն զգուշավորությամբ պետք է վերաբերվենք այդ հարաբերություններին, որովհետեւ այդ երկրում միշտ էլ կարողացել են երկդիմի քաղաքականություն վարել. մի կողմից ցույց տալ բարեկամություն, մյուս կողմից թշնամական գործողություններ իրականացնել: Լուրջ մտավախություններ ունեմ, որ այս անգամ էլ Թուրքիան կփորձի դիվանագիտական գործընթացներն օգտագործել իր շահերի համար` ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Բայց եւ հուսով եմ, որ գոնե այս անգամ հայ քաղաքական միտքը ճկուն կգտնվի, կկարողանա դասեր առնել իր նախկին սխալներից եւ նոր խաբեությունների չի տրվի: Կարեւորը անվերապահ չհավատալն է, պարտավոր ենք միշտ հիշել, որ գործ ունենք թուրքի հետ:

Արդյո՞ք նման խաբեության ականատեսը չենք դառնում այսօր, երբ Թուրքիան  հարաբերությունների բարելավման մասին խոսելուն զուգահեռ հայտարարում է ԼՂ բանակցություններում ակնկալվող առաջընթացի մասին` այդպիսով փորձելով դրդել ՀՀ-ին ինչ-ինչ զիջումների:

Այո: Միշտ էլ թուրքական դիվանագիտությունն աչքի է ընկել նենգությամբ եւ, պատկերացրեք, ես ավելի վտանգավոր բաներ եմ կանխազգում, քան այն, ինչ հայտարարվում է: Նշեցի, որ Թուրքիան ունի սահման բացելու խնդիր, ինչը նրանից պահանջում է միջազգային հանրությունը: Բայց անգամ տվյալ բանը կամա թե ակամա անելիս Թուրքիան փորձում է ինչ-որ խաղաքարտեր շահել, իր օգտին որեւէ բան պոկել ՀՀ-ից: Սա թուրքական դիվանագիտության հիմքն է: Նման ձեւով էլ Ադրբեջանն այսօր պահանջում է այնպիսի անիրականանալի բաներ, որ ուղղակի անհնարին է պատկերացնել: Այսինքն` ձգտում են առավելագույնը պահանջել, որ գոնե դրանից քիչ կորուստ ունենան: Գործում է առեւտրականի հոգեբանությունը. բարձր գին ասել` առավելագույնը վաստակելու համար:

Ըստ Ձեզ` հայ-թուրքական  արձանագրությունները կվավերացվե՞ն մինչեւ ԼՂ խնդրի կարգավորումը, թե՞  Թուրքիան, առկախելով հարաբերությունները հակամարտության կարգավորումից, կսպասի ինչ-որ առաջընթացի, փաստորեն, կխաբի:

Ճիշտն ասած, գուշակություններ անելն անհեռանկարային գործ է, բայց փորձեմ ենթադրել, որ, ամեն դեպքում, Թուրքիայի կողմից հայ-թուրքական գործընթացին զուգահեռաբար ԼՂ հարցում պահանջներ դնելը Ադրբեջանին ինչ-որ տեղ հանգստացնելու, վերջինիս իր հավատարմությունը ցույց տալու միջոց է: Սակայն եւ’ Թուրքիայի, եւ’ ՀՀ-ի վրա միջազգային հանրության կողմից կա որոշակի ճնշում` անպայման արձանագրությունների դրույթները իրականացնելու պահանջով: Այս առումով ինչքան էլ Թուրքիան փորձի խնդիրը կապել այլ հարցերի հետ, վաղ թե ուշ ստիպված է լինելու համակերպվել միջազգային հանրության պահանջներին: Բայց եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնելու պատճառներ ուզենա գտնել, չեմ կարծում, թե միակը ԼՂ հիմնախնդիրն է: Նա բազում հորինված պատճառներով կարող է խափանել գործընթացը: Այս տեսակետից ճիշտ դիրքորոշում են ընտրել ՀՀ իշխանությունները` հայկական կողմից արձանագրությունների վավերացումը կապելով Թուրքիայի կողմից վավերացման հետ:

ԼՂ հակամարտության համատեքստում ո՞րն է ԼՂՀ-ի առաջնահերթ խնդիրը:

Իմ  խորին համոզմամբ` ԼՂՀ-ն այսօր ունի մի գերնպատակ` առավելագույնս ամրապնդել  իր պետականությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարձրացնել պաշտպանունակությունը ու կայանալ  հնարավորինս շուտ եւ հաստատունապես: Սա նշում եմ, քանզի եթե ԼՂՀ-ն` որպես տարածաշրջանային գործոն, վերահաստատի իր դիրքը, ապա վաղ թե ուշ թե’ Ադրբեջանը, թե’ միջազգային հանրությունը ստիպված են լինելու ճանաչել այդ իրողությունը: Մենք մեր հարցերը չպետք է առկախենք կարգավիճակից ու հակամարտության կարգավորումից, ինչը հուշում է պատմությունը: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ` բնակչության թվի աճ, տնտեսության զարգացում, տարածքների վերաինտեգրում ու բազում այլ խնդիրներ: Այդ ամենի շուտափույթ լուծման համար պետք է օգտագործենք մեր ողջ ժողովրդի ներուժը:

Ի վերջո բանակցությունները գնում են դեպի խնդրի  լուծու՞մ, թե՞  փակուղի` հաշվի առնելով, որ նախագահների ու արտգործնախարարների հանդիպումները հաճախ որակվում են որպես հերթական ու անարդյունավետ:

Որքան էլ մենք հոռետեսորեն վերաբերվենք այդ, նորից ճշգրտեմ, խորհրդատվություններին, ամեն դեպքում, դրանք ահրաժեշտ են գոնե այնքանով, որ պատերազմի վտանգը որոշակիորեն նվազեցնելու խնդիր են լուծում: Այ միայն այս տեսանկյունից, ինձ թվում է, շփումներն անհրաժեշտ են: Իսկ արդյոք դրանք լուծու՞մ են բերելու, թե՞  ոչ. կրկնում եմ` դա ապագայի հարց է: Բայց նկատի ունենալով Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ խաղաղ գործընթացը տորպեդահարելու մարտավարությունը` գալիս ես այն եզրահանգման, որ Ադրբեջանի կողմից միշտ էլ վիժեցվելու են այդ բանակցությունները եւ ցանկացած որոշման ընդունում: Անգամ եթե ընդունվեն այդ որոշումները, ես ուղղակի համոզված եմ, որ Ադրբեջանը ամեն կերպ ոտանահարելու է դրանք: Դա դարձյալ ցույց է տալիս պատմությունը, երբ, մասնավորապես, 90-ականների պատերազմական գործողությունների ժամանակ ձեռք են բերվել զինադադարի հաստատման համաձայնություններ, եւ ամեն անգամ Ադրբեջանը խախտել է դրանք: Այսպիսով` բանակցություններից մեծ ակնկալիքներ մենք չպետք է ունենանք` հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք: Բացի այդ` չեմ կարծում, թե մենք այդքան մեծ ոգեւորությամբ պետք է սպասենք խաղաղության պայմանագրին ու բոլոր հարցերի լուծմանը: Պատմության փորձը ցույց է տալիս, որ բոլոր համաձայնագրերն էլ ի վերջո խախտվում են, դառնում թղթի կտոր, որը մեկի համար շահավետ է լինում, մյուսի համար` կործանարար: Այս առումով մեր կողմից մեծ սխալ կլինի զիջումների գնալը, որի դեպքում մենք նորից կանգնելու ենք Ադրբեջանի ագրեսիայի առաջ:

 


Ключевые слова: переговоры, ни пяди земли
Автор: Վահե Սարուխանյան ссылка: http://hetq.am
Читайте также:
Դիտումներ Просмотров: 1498 | Ավելացրել է Добавил: hay | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com