Արշավախումբը 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006թ. կարճատեւ պեղումներ է իրագործել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւքով երեւան են հանվել քաղաքի Միջնաբերդի "ծիծեռնակապոչ" շարվածքով պարսպի մի հատվածը, Ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի վաղքրիստոնեական բազիլիկայի մնացորդները, Խաչենագետի քարափի մեջ փորված Քարայրային-կրոնական համալիրը, Ժայռափոր ջրանցքը: 2007թ. պեղումները պիտի սկսվեին ապրիլ ամսին եւ տեւեին չորս ամիս` ընդգրկելով երկամսյա հետախուզակամ փուլն ու նույնքան ժամանակով ընդարձակածավալ պեղումները: Ցավոք, ֆինանսական դժվարությունների պատճառով աշխատանքները հնարավոր եղավ ձեռնարկել մոտ ամիս եւ կես ուշացումով, ընդամենը մոտ երկու ամսով եւ շատ ավելի համեստ ծավալներով: 2007թ. մայիս-հունիս ամիսներին հետախուզական պեղումներ են արվել Կենտրոնական եւ Ամրացված թաղամասերում, Խաչենագետի ձախ ափի լեռան վրա գտնվող ամրոցում: Օգոստոս ամսին պեղումները ձեռնարկվել են երեք հիմնական կետերում` Միջնաբերդում, Ամրացված թաղամասի ժայռափոր պարսպահիմքերի հատվածում եւ Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու տարածքում: Պեղումները, ինչպես եւ սպասելի էր, երեւան են բերում մեծ եւ հզոր քաղաքի կառուցապատման եւ մշակութային հարուստ կյանքի մանրամասները: http://www.tigranakert.am |