Երկուշաբթի, 09.12.2019, 20:15
 

Follow Hay.do.am on Twitter Hay.do.am - Facebook  

Գլխավոր | Главная Ֆորում | Форум
· Партнеры Partners · Banner Code · RSS

Անհատներ Личности [178]Հոդվածներ Статьи [95]Հարցածրույցներ Интервью [31]
СМИ [3]ԶԼՄ [2]Ազատագրված Արցախ [51]

Հոդվածներ Статьи

Անկախությո՞ւն, թե՞ միացում
15.03.2009
-Հայաստանցիները պատրաստ են Արցախը հանձնել, միայն թե իրենք լավ ապրեն: Լեւոնին ընտրելով` նրանք դավաճանում են արցախցիներին,- ասում են ոմանք Ստեփանակերտում:

-Ղարաբաղյան հանցագործ կլանը թալանում է երկիրը, ոտնահարում է մարդկանց իրավունքները: Նրանցից անհրաժեշտ է շտապ ազատվել, իսկ ղարաբաղցիները նրանց պաշտպանում են, այնտեղի զինվորականները գալիս են Երեւանում ցույցեր ճնշելու,- հակադարձում են Երեւանում:

Որտեղի՞ց գոյացավ այս անհասկացողությունը: Ինչքանո՞վ են հիմնավոր փոխադարձ մեղադրանքները: Ի՞նչ է իրականում կատարվում մեզ հետ: Պարզ է մեկ բան. Բերձորից այս կողմ եւ այն կողմ մարդիկ սկսել են տարբեր կերպ մտածել, տարբեր դիտանկյուններից են նայում քաղաքական խնդիրներին, գտնվում են քարոզչական տարբեր տիրույթներում: Համարձակվենք ենթադրել, որ դրա գլխավոր պատճառներից մեկը «հայկական երկու պետությունների» գոյությունն է: Անբնական մի վիճակ, որն ինքներս ենք ստեղծել: Սուտ, որ նախատեսված էր օտար դիվանագետների համար, բայց ինքներս դրան խաբվեցինք ու մինչեւ հիմա հավատում ենք:

1988թ. Արցախի ժողովուրդը պայքարի էր դուրս եկել «միացում» եւ ոչ թե «անկախություն» կարգախոսով: ԽՍՀՄ վերջնական փլուզումից դեռ երկու տարի առաջ մենք ընդունեցինք Արցախը Հայաստանի հետ վերամիավորող դեկտեմբերմեկյան համատեղ որոշումը: Դրա հիման վրա արցախցիները, որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, ընտրեցին հայոց խորհրդարանի իրենց պատգամավորներին, ու նրանք Հայաստանի մյուս շրջանները ներկայացնող իրենց գործընկերների հետ միասին հռչակեցին Հայաստանի անկախությունը: Ինչո՞ւ դրանից հետո, պատերազմի ամենասկզբում, հանկարծ անհրաժեշտ դարձավ արհեստականորեն բաժանել մեզ: Ո՞ւմ պատվերով կազմակերպվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Եւ հատկապես ումի՞ց էին ուզում անկախացնել Արցախը` Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից:

Գաղտնիք չէ, որ հանձնարարականը եկել էր Երեւանից: Հիմնավորումները երկուսն էին: Նախ` ենթադրվում էր, թե միջազգային ճանաչման համար Արցախը Ադրբեջանի կազմից պետք է դուրս գար ԽՍՀՄ օրենքի տառին համապատասխան: Բացի այդ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, Երեւանում նպատակահարմար էին համարում, որ Ստեփանակերտը հանդես գա որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Ենթադրվում էր, որ այս թատրոնը մենք պետք է խաղայինք արտաքին աշխարհի համար, իսկ ինքներս մեզ համար մնալու էինք մեկ ազգ, մեկ բանակ եւ մեկ պետություն: Բայց ստացվեց հակառակը:

Միջազգային հանրությանը խաբել չհաջողվեց: Պարզվեց, որ ոչ ոք չի պատրաստվում հայ ժողովրդին ընկալել որպես երկգլխանի վիշապ եւ առանձին բանակցել յուրաքանչյուր գլխի հետ: Իսկ մենք համառորեն շարունակում ենք խաղալ «երկու պետություն» անիմաստ խաղն ու արդեն մոռացել ենք, որ դա ընդամենը խաղ էր: Իսկ հայոց ազգային եւ պետական միասնությունը շարունակում է քայքայվել: Ուրեմն, ո՞ւմ էր պետք Հայաստանից ԼՂՀ-ի անկախ լինելը:

Գալով իշխանության, Ղարաբաղյան շարժման երեւանյան առաջնորդները սկսեցին վախենալ միջազգային հանրությունից: Տեր-Պետրոսյանը բոլորովին չէր ուզում դառնալ «ագրեսոր» պետության ղեկավար: Նա կամավոր հրաժարվում էր ռազմական հաղթանակների փառքից, որպեսզի խուսափի երեւակայական միջազգային պատասխանատվությունից: Գլխավոր գործողությունների թվականները երեւանյան շտաբը դիտավորյալ համընկեցնում էր նախագահի արտասահմանյան այցերի թվականներին, որպեսզի դրանց իրականացման մեղքը թողնի «անվերահսկելի ղարաբաղցի հրամանատարների» վրա: Իսկ Շուշիի ազատագրումը ձգեցին մինչեւ մայիսի 9-ը, որպեսզի ոչ ոք գլուխ չհանի, թե հայերը այդ ո՞ր հաղթանակն են տոնում:

Այս ծամածռությունները հանճարեղ դիվանագիտություն համարողները չեն նկատում, որ դրանով իրեն ՀՀ հիմնադիրը համարող նախկին նախագահը մեր ազատագրական պատերազմը հակադրեց միջազգային իրավունքին, եւ մենք արդեն քանի տարի է ստիպված ենք արդարանալ օտարների առջեւ չգիտես թե ո՞ր մեղքի համար: Երեւանն արդարանում է, թե ինքն ընդհանրապես պատերազմին չի մասնակցել, թե իբր ԼՂՀ-ն անկախ պետություն է` սեփական բանակով: Ստեփանակերտն արդարանում է, թե ինքն ուրիշի տարածքներ է գրավել միայն կրակակետեր լռեցնելու համար եւ իր սահմանների շուրջ անվտանգության գոտի է ստեղծել: Ու ոչ Երեւանի, եւ ոչ էլ Ստեփանակերտի ասածները ոչ ոք լուրջ չի ընդունում: Այնինչ, կարելի էր ասել ճշմարտությունը` որ Հայաստանը եւ Ադրբեջանը խորհրդայնացվել էին անորոշ սահմաններով, վիճելի տարածքները բոլշեւիկները հանձնել են Բաքվին, դրանց մեծ մասը հայաթափվել են, իսկ դեռ հայաբնակ մասը վերադարձնելու հայության խաղաղ փորձին ադրբեջանցիները պատասխանեցին բռնություններով եւ պատերազմով, որը հայերի համար վերածվեց ազգային-ազատագրական պայքարի, իսկ այդ ընթացքում ազատագրված տարածքը մեր հայրենիքի մի մասն է: Հարցը հայ-ադրբեջանական տարածքային հակամարտություն ներկայացնելու դեպքում մեր նկատմամբ ճնշումը այսօրվանից հաստատ ավելին չէր լինի: Փոխարենը կխուսափեինք երկիմաստ վիճակներից: Բայց մենք ճշմարտությունն ասելու քաջությունը չունեցանք:

Սա հհշ-ական վախկոտության միակ վնասը չէր: Արցախը Հայաստանից «անկախացնելու» հետեւանքներից մեկն էլ եղավ այն, որ Հայաստանն էլ որոշ չափով ազատվեց Արցախի համար կռվելու պարտավորությունից: Հրապարակային զորահավաք չհայտարարվեց: Իսկ տղամարդկանց որսը Երեւանի փողոցներում չէր կարող փոխարինել դրան ոչ քանակապես, ոչ էլ, առավել եւս, որակապես: Արդյունքում պատերազմը, դրա զրկանքների մեծ մասը, նաեւ հաղթանակները մնացին հիմնականում արցախցիներին: Իսկ «հայաստանցիները» նրանց կողմից սկսեցին ընկալվել, լավագույն դեպքում, որպես «կատվին կրասկա տվողներ», իսկ վատագույն դեպքում` դասալիքներ, ովքեր բիզնես էին անում խաղաղ երկնքի տակ, երբ իրենք կռվում էին եւ զոհվում:

Խնդիրների նոր փունջ ի հայտ եկավ, երբ Տեր-Պետրոսյանը Երեւան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ պետք է ավարտվեր ԼՂՀ անկախության միֆը, քանի որ պարզ է, որ որեւէ անկախ երկրի նախագահ չէր համաձայնվի հարեւան երկրում վարչապետ աշխատել: Սակայն չավարտվեց: Հետագայում Քոչարյանը, ՀՀ նախագահ ընտրվելիս, փոխանակ հայտարարելու, որ ԼՂ-ն ՀՀ-ի մաս է, նախընտրեց շարունակել անիմաստ խաղը եւ ակնհայտ կեղծ տեղեկանք ներկայացրեց իր բնակության վայրի մասին: Այդ եւ այլ սխալների պատճառով նա դարձավ խիստ քննադատության թիրախ:

Ով էլ լիներ նախագահ, կարող էր նույնքան քննադատվել, մասնավորապես` իրեն համերկրացիներով շրջապատելու համար: Այլ դեպքերում ժողովուրդը կպայքարեր ոչ թե ղարաբաղյան, այլ, ասենք, ապարանյան, արարատյան կամ էջմիածնյան կլանի դեմ: Բայց քանի որ նախագահը պարզապես Հայաստանի մի շրջանից չէր, այլ «հարեւան» պետությունից, այն էլ պալատական հեղաշրջման մասնակից, կեղծ տեղեկանքով եւ ընտրակեղծիքներով ընտրված, ուրեմն բավական հեշտ էր նրան «օտարացնել»: Դրանից վարպետորեն օգտվեցին որոշ ընդդիմադիրներ: Նրանք այսօր էլ շարունակում են հակաարցախյան տրամադրություններ սերմանել:

Դրան հակառակ, Ստեփանակերտում «հարեւան» պետությունը սկսեցին համարել անհուսալի դաշնակից, որն առիթը բաց չի թողնի Արցախին ու արցախցիներին դավաճանելու համար: Արցախցիների զգալի մասը արդարացված է համարում երկիրը ցանկացած գնով «ղարաբաղցիների» իշխանության ներքո պահելը: Նրանք փաստորեն վստահում են միայն Երեւանում իշխող իրենց համերկրացիներին, հաճախ արդարացնելով նրանց հակաժողովրդական եւ նույնիսկ ղարաբաղյան կարգավորմանը առնչվող դավաճանական գործողությունները:

Դատապարտելի է թե մեկը, թե մյուսը: Պետք է հաստատենք, որ Հայ ժողովուրդը, փաստացի, երկու ոտքով ընկել է տարիներ առաջ հհշ-ական նախագահի լարած թակարդը: Դա չեն նկատում ոչ նրա մոլեռանդ երկրպագուները, ոչ էլ երդվյալ հակառակորդները: Ստեփանակերտում, օրինակ, շարունակում են հպարտանալ տեր-պետրոսյանական «դիվանագիտական հանճարի» ծնունդ «երկրորդ հայկական պետությամբ», չհասկանալով, որ հենց այդ պատճառով են այսօր ոտնահարված իրենց քաղաքացիական իրավունքները: Չէ՞ որ Երեւանում իշխող համարվող ղարաբաղցիները իրականում զրկված են ՀՀ իշխանության մարմինների ձեւավորմանը մասնակցելու հնարավորությունից:

Անհրաժեշտ է շտապ վերականգնել Հայաստանի Հանրապետության արցախաբնակ քաղաքացիների ընտրական իրավունքը, որից նրանք զրկված են սկսած 1991թ-ից: Փոխանակ Ադրբեջանին սպառնալու, թե կճանաչենք ԼՂՀ անկախությունը, անհրաժեշտ է առանց որեւէ սպառնալիքի ԼՂՀ-ն կամ Արցախի մարզը իր ներկա սահմաններով ներառել ՀՀ սահմանադրական տարածքի մեջ: Դրանից էլ շուտ անհրաժեշտ է փոխել քարտեզները պաշտոնական կայքերում, դասագրքերում եւ հեռուստաեթերում, որպեսզի մեր երեխաները մեկընդմիշտ մոռանան 29.8 հազ.քառ.կմ-ը: Անհրաժեշտ է միավորել քաղաքական դաշտերը, որպեսզի երեւանյան քաղաքական գործիչներն արցախցիներին նույնպես վերաբերվեն որպես ընտրողների եւ ավելի ականջալուր լինեն նրանց պահանջներին, իսկ ստեփանակերտյան քաղաքական գործիչները ստիպված չլինեն կեղծ տեղեկանքներ ներկայացնել: Մի խոսքով, անհրաժեշտ է ավարտել Արցախի միավորումը Հայաստանին: Միայն այդպես է հնարավոր վերջ դնել «հայաստանցի-ղարաբաղցի» խայտառակ պառակտվածությանը:

 


Ключевые слова: аналитика
Автор: Արմեն Աղայան
Читайте также:
Դիտումներ Просмотров: 1455 | Ավելացրել է Добавил: aaghayan | Рейтинг: 0.0/0 |

PDA - mobile version | © Hay.do.am | Хостинг от uCoz |
Վիճակագրություն
ՀԱՅ


Կարևոր
Հանրամատչելի նյութը
Պատահաբար
Հարցում
Արցախի ազատագրված տարածքները
Քվեարկել են: 1351

Պիտակներ
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!КАРАБАХ88 - История Армении и Карабаха, пресса, комментарииНовости КарабахаГазета Армянская ЦерковьАрмянское интернет-сообщество Miasin.RUАрмянский форум
Армянский
сайт


Каталог Yerevan-city.com